Գ. Մինասյան. Թուրքիան պրոցեսը «գլխիվայր» է ներկայացնում
Քաղաքական
13:50 15/10/2013

Գ. Մինասյան. Թուրքիան պրոցեսը «գլխիվայր» է ներկայացնում

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վիժեցրել է թուրքական կողմը, ինչը միջազգային հանրության համար հայտնի փաստ է: Ավելին, այն երկրների ղեկավարները, ովքեր աջակցել են գործընթացին ու ներկա եղել Շվեցարիայում այդ արձանագրությունների ստորագրման պրոցեսին, բազմիցս ընդգծել են, որ պրոցեսը կանգ է առել Թուրքիայի մեղքով»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, Panorama.am-ին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող էին ավելի լավ լինեին, սակայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը խնդիրներ է առաջացրել գործընթացում:

«Թուրքիան փորձում է իրադարձությունները «գլխիվայր» ներկայացնել այնպիսի մարդկանց մոտ, ովքեր լավատեղյակ են ողջ պրոցեսին: Թուրքիայի փորձերը՝ խնդիրը բարդել Հայաստանի վրա, որևէ հաջողություն չի կարող ունենալ»,- նշեց Գ. Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի կողմից հռչակված արտաքին քաղաքական կուրսը «փառահեղ» կերպով ձախողվել է և նրա «զրո խնդիրներ» հարևանների հետ կարգախոսը վերածվել է «զրո հարաբերություններ» հարևանների հետ կարգախոսի:

«Թուրքիայի կողմից հնչող մեղադրանքները որևէ հիմք չունեն»,- հավելեց նա:

Placeholder
Գ. Մինասյան. Թուրքիան պրոցեսը «գլխիվայր» է ներկայացնում