Դոլար ունեցողները կտուժեն. Վ. Բոստանջյան
Տնտեսություն
12:00 16/10/2013

Դոլար ունեցողները կտուժեն. Վ. Բոստանջյան

«Չեմ կարծում, թե Հայաստանը սարսափելու շատ բան ունի, քանի որ ինտեգրացիայի աստիճանը այդքան շատ ճյուղավորված չի: Այդուհանդերձ որոշակի վնասներ ու կորուստներ մենք էլ կարող ենք կրել»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտն բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության ու հատկապես Հայաստանի տնտեսության վրա նշեց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, վտանգը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը որոշ չափով դոլարիզացված է դրամաշրջանառության կտրվածքով և հենց այդ չափով է հնարավոր, որ երկիրը կրի վնասներ. «Բայց, կրկնում եմ, ընդհանուր տնտեսական շրջանառության առումով, փոքր ինտեգրացված վիճակում գտնվելով ԱՄՆ տնտեսական դաշտի հետ չեմ կարծում, որ մենք այնպիսի ծանր վիճակում կհայտնվենք, ինչպես այն երկրները, որտեղ դոլարը գրեթե ազատ ելք ու մուտք ու շրջանառություն ունի»,- նշեց Վ.Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր դեֆոլտին, ապա նախկին պատգամավորն ավելի շատ հակված է մտածել, որ դա հերթական շոուն է և ոչ մի դեֆոլտ էլ չի լինի. «Այդպես չի լինի, կտեսնենք, որ այդպես չի լինի: Պարզապես սա անուղղակի, ինչպես և իրենց բազմաթիվ քայլերը` ֆինանսական ճգնաժամը և այլն, գեոկառավարողների կողմից իրականացվող քայլեր են որոշների համար: Բայց իրականում դա չի կարող բերել այնպիսի բացասական հետևանքների, ինչպիսիք որ հայտարարվում են ու ենթադրվում են»,- կարծիք հայտնեց նա:

Եթե, այդուհանդերձ, դեֆոլտը լինի, կտուժե՞ն այն մարդիկ, ովքեր դոլարով խնայողություններ ունեն. «Իհարկե: Այն մարդիկ, ովքեր օրինական կամ ոչ օրինական, բացահայտ կամ ոչ բացահայտ դոլարային շարժ ունեն, բնականաբար կտուժեն, քանի որ դեֆոլտը նախևառաջ կբերի դոլարի արժեզրկման: Եվ հասկանալի է, որ նրանք կորուստներ կկրեն»,- ասաց Վ.Բոստանջյանն ու ավելացրեց, որ խոշոր համակարգերում նմանատիպ երևույթները կարճատև չեն լինում. «Աստված չտա, որ այդպես լինի, այլապես դա կլինի ֆինանսական ճգնաժամի երկրորդ խոշոր ալիքը, որը կարող է տարիներով իր բացասական ազդեցությունը թողնել բոլորի վրա»:

Ըստ մեր զրուցակցի, թեև դեֆոլտի հավանականությունն այդքան էլ մեծ չի, բայց կա մի չափազանց կարևոր հանգամանք` Հայաստանում դոլարային պարտավորություններ ունեցող սուբյեկտները, անգամ պետությունը, որն ունի արտաքին պարտք, դեֆոլտի պարագայում կօգտվի իրավիճակից. «Այսինքն, եթե դոլարային պարտավորություն ունենք արտաքին աշխարհին, ապա այդ պարագայում մենք ավելի շատ շահեկան վիճակում ենք հայտնվում»,- ընդգծեց նա:

Վերջում էլ կատակով հավելեց` «ամեն դեպքում Բոստանջյան Վարդանի համար չի կարող այնքան վատ լինել, որովհետև ինչպես սովետական ժամանակներում, այնպես էլ հիմա կաղապարված մարդ եմ և դոլարային ծածկույթներ չունեմ, որ տուժեմ»:

Նշենք, որ ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, դեֆոլտը հնարավոր է հենց վաղը` հոկտեմբերի 17-ին, և տարբեր երկրների բանկերը սկսել են պատրաստվել դրա հետևանքների դիմակայմանը:

Placeholder
Դոլար ունեցողները կտուժեն. Վ. Բոստանջյան