Հայկական ջազը 75 տարեկան է. «Այն հիասքանչ է»
Մշակույթ
16:23 22/10/2013

Հայկական ջազը 75 տարեկան է. «Այն հիասքանչ է»

Հայաստանում մեկնարկում է Հայկական ջազի շաբաթը՝ նվիրված հայկական ջազի 75-ամյակին: Շաբաթվա շրջանակներում Երևան են այցելել մեր հայրենակիցներ Թավիջյան եղբայրները Մակեդոնիայից և Մայք Մոսեսյանը Ավստրիայից:

«Մեծ պատիվ է լինել Հայաստանում ու ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: Չորրորդ սերունդով հայ եմ հորս կողմից: Այս փաստից շատ եմ հուզվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դիրավ Թավիջյանը: Նրա եղբայրը՝ Գարոն էլ նշեց, որ Հայաստանում կայանալիք իրենց ելույթները սովորական շարքային համերգներ չեն. «Մեծ պատիվ է մեզ համար ելույթ ունենալ Հայաստանում»:

Եղբայրներն առանջին անգամ են Հայաստանում: Գարոն ասաց, որ շատ է կարդացել քրիստոնեության, Հայոց ցեղասպանության մասին ու առաջին վայրը, որ ցանկանում է լինել Հայաստանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Թմբկահարը նշեց, որ ինքը շատ տաղանդավոր ու հանճարեղ հայերի է հանդիպել աշխարհի տարբեր երկրներում:

Խոսելով հայկական ջազի մասին, նա նշեց, որ այն հիասքանչ է, հայկական ու մակեդոնական ռիթմերում շատ նմանություններ է գտել: Դիրավն էլ հավելեց, որ իրեն շատ է դուր գալիս հայկական երաժշտությունը, մտածում են իրենց ջազային իմպրովիզիացիաներում հայկական թեմաների էլ անդրադառնալ: «Մենք համատեղել ենք մակեդոնական երաժշտական ոճը մեր առանձնահատուկ ոճի հետ ու ստացել հետաքրքիր խառնուրդ»,- իրենց կողմից կատարվող երաժշտությանն այսպես մեկնաբանեց նա:

Ասուլիսին ներկա էր նաև Մայք Մոսեսյանը: Նա նշեց, որ վաղը կայանալիք համերգի ընթացքում կատարելու է հիմնականում լատին ջազ:

Խոսելով առհասարակ համաշխարհային ջազի մասին, նա նշեց, որ ջազը հավերժական է. «Ջազը չի կարող վերջանալ: Ջազի առավելությունն այն է, որ միշտ փոխվում է, թարմանում է, անընդհատ սնվում է ու մեծանում: Չեմ կարծում, որ ջազը երբեք կմահանա»: Դիրավ Թավիջյանն էլ այն կարծիքին է, որ ջազ երաժշտությունն անընհատ նորություններ է ներառում, հիմնված է լինում նոր բանի վրա:

Նշենք, որ հայկական ջազի շաբաթը մեկնարկելու է Արամ Խաչատրյան համերգասրահում վաղը կայանալիք մեծ համերգային ծրագրով, որին մասկանցելու են Թավիջյան եղբայրները և Մայք Մոսեսյանը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան) և դաշնակահար-դիրիժոր, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

 

Placeholder
Հայկական ջազը 75 տարեկան է. «Այն հիասքանչ է»