32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում. ՀՀ վարչապետ
Քաղաքական
11:05 28/10/2013

32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում. ՀՀ վարչապետ

Հունվարի 1-ից թոշակները բարձրանալու են. նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպը ավելի բարձր կլինի, քան բարձր ստացողների, իսկ 93 հազար դրամ և բարձր թոշակ ստացողների թոշակի բարձրացում չի լինելու: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով 2014թ-ի պետական բյուջեի նախագիծը.

«Արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում: Մենք տեսնում ենք, որ աղքատության ցուցանիշը նվազման միտում է դրսևորում, իսկ 2014թ-ի սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի շնորհիվ դա ավելի տեսանելի կլինի»,- ներկայացրեց վարչապետը:

Նաև նշեց, որ նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում` ուժային կառույցների աշխատողներինը հունվարի 1-ից, իսկ քաղծառայողներինը` հուլիսի 1-ից: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բազմազավակ ընտանիքները, իսկ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն կտրվի վճարել ուսման վարձերը պետական բյուջեի միջոցների հաշվին:

«Այս բոլոր ծրագրերի ներդրումն ու իրականացումը ենթադրում է սերտ համագործակցություն ԱԺ հետ. Մենք ակնկալում ենք արդյունավետ աշխատանք»,-նշեց Տիգրան Սարգսյանն ու որպես ասվածի ապացույց տեղեկացրեց, որ, օրինակ, կառավարությանն ու խորհրդարանին մեծ աշխատանք է սպասվում Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի կոնտեքստում.

«Միասին մի քանի տասնյակ օրենքներ ու միջազգային պայմանագրեր պետք է քննարկենք և օրենսդրությունը համապատասխանեցնենք Մաքսային միությանը. Մի խոսքով` սպասվում է մեծածավալ աշխատանք»,- հավելեց նա:

Նախորդիվ`

Տ.Սարգսյան. Տնտեսական աճի ցուցանիշի տեմպը դանդաղում է նախորդ տարվա համեմատ
 

Placeholder
32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում. ՀՀ վարչապետ