Ալի Աքբար Սալեհի. Իրանը ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները չի դադարեցրել
Քաղաքական
15:04 30/10/2013

Ալի Աքբար Սալեհի. Իրանը ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները չի դադարեցրել

«Իրանը ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները չի դադարեցրել»,-այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին, պատասխանել է. «Ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացը ընթանում է և նախկինում էլ չի ընդհատվել»:

Նկատենք, որ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հոկտեմբերի 16-17-ը Ժնևում Իրանի և «5+1» խմբի միջև տեղի ունեցած բանակցությունների նախօրեին հայտարարեց, որ Իրանը ուրանի հարստացման աշխատանքները նույնիսկ մի օրով չի դադարեցնի:

Իսկ օրերս ամերիկյան «Գիտություն և միջազգային անվտանգության ինստիտուտի» (ISIS) կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հրապարակված զեկույցում նշվում է, որ Իրանը ունակ է մեկ ամսվա ընթացքում ուրանի հարստացման ծավալները հասցնել բավարար մակարդակի, որպեսզի միջուկային ռումբ ստեղծի:

Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» առաջին հանդիպումը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 16-17-ը Ժնևում. Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը՝ կրկին Ժնևում:

Placeholder
Ալի Աքբար Սալեհի. Իրանը ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները չի դադարեցրել