Պատգամավորների սկանդալային որդիները
Օրվա մամուլ
09:37 31/10/2013

Պատգամավորների սկանդալային որդիները

«Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) որդին հերթական անգամ հայտնվել է ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով»: Իսկ ահա պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում տարածված լուրերը համարել է թյուրիմացություն` նշելով, թե իր երեխաները դաստիարակված են:

«Նախ` ներկայացնենք, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 29-ին Աբովյան փողոցում: Ըստ shamshyan.com-ի` ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Աբովյան փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Հենց նշված վայրում հայտնաբերվել է Audi A7 Մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենա, և 4 անձի` 20-ամյա Աշոտ Մանուկյանին, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանին, 21-ամյա Ռոբերտ Մասումյանին և 25-ամյա Սամվել Հարությունյանին բերման են ենթարկել: Տղաները, տեսնելով ոստիկաններին, փորձել են ճողոպրել, սակայն չի հաջողվել: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ռետինե մահակ (ոստիկանական դուբինկա), որը, ըստ մեքենայի տիրոջ` Աշոտ Մանուկյանի, իրեն նվիրել են: Նշենք, որ Ստանիսլավ Համբարձումյանը Դերժավայի Արկադիի որդին է, Աշոտ Մանուկյանը` քրոջ որդին, իսկ Ռոբերտ Մասումյանը՝ գործարար «Բենզին Ռուբո» մականվամբ հայտնի, ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի որդին»:

Թերթը հիշեցնում է, որ նույն Արկադի Համբարձումյանի հարազատներն առաջին անգամը չէ, որ հայտնվում են սկանդալային միջադեպերի կիզակետում: Դեռևս 2010թ. դեկտեմբերի 8-ին Երևանի պետական համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ծեծկռտուքով ու կրակոցներով: «Մակարով» ատրճանակից կրակոցներ էին արձակել Աշոտ Մանուկյանի 05 OL 500 պետհամարանիշներով «Պորշ-Կայեն» մեքենայի ուղղությամբ: Այս կրակոցներից հետո պատգամավորի հարազատները «ջրից չոր էին դուրս եկել», և բոլորվին զարմանալի չի լինի, որ այս դեպքում էլ նրանք չենթարկվեն պատասխնատվության:

Ա. Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միանգամայն վստահ հայտարարել է, որ իր երեխաները դաստիարակված մարդիկ են և չեն «նստի»:

-Ինչ դուբինկաներ, այս ի՞նչ ասելու բան է. սենսացիա եք ման գալիս, մեր երեխաներն այնպիսի դաստիարակություն են ստացել, որ նման բան չի կարող լինել:

-Պարոն Համբարձումյան, ինչու՞ եք զայրանում, սա առաջին դեպքը չէ, որ Ձեր հարազատները հայտնվում են սկանդալային պատմության կիզակետում:
-Էլ ու՞մ հետ է եղել, որ ասում եք:

-Հիշու՞մ եք 2010թ. Երևանի պետական համալսարանի մոտ Ձեր քրոջ որդու հայտնի կրակոցները:
-Այդ դեպքում մենք տուժող ենք եղել, և հետո՝ թացը չորին խառնել չի կարելի: Ես պնդում եմ, որ իմ երեխաները դաստիարակված են, ու նման բան չկա: Հետևեք գործին և կտեսնեք:

-Եթե դաստիարակված են, ապա ինչպե՞ս կբացատրեք նրանց անվան շուրջ կատարվող սկանդալային իրադարձությունները: Դուք կամ Ձեր երեխաները թշնամիներ ունե՞ք:
-Ես այստեղ որևէ միտում չեմ տեսնում, ոչ դուշման ունեմ, ոչ էլ որևէ խնդիր:

«Պատգամավորի այսօրինակ վստահությունը ենթադրել է տալիս, որ կամ նրա երեխաները իսկապես անմեղ են, կամ պատգամավորը վստահ է, որ իր ամենակարող մանդատը, ինչպես բոլոր սկանդալային դեպքերում, այս դեպքում էլ կփրկի իրեն»,- մեկնաբանել է թերթը:

Placeholder
Պատգամավորների սկանդալային որդիները