Սիբիրյան խոց. Հիվանդը կա, պատճառը` ոչ
Օրվա թեմա
09:13 31/10/2013

Սիբիրյան խոց. Հիվանդը կա, պատճառը` ոչ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց էր օրերս դիմել մի քաղաքացի «սիբիրյան խոց» (մաշկային ձև) նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ հիվանդության հավանական պատճառ իրենք նշել են մսեղիքը:

«Սիբիրյան խոցով կարելի է հիվանդանալ միայն վարակված մսեղիքի հետ շփման արդյունքում: Այլ տարբերակ չի կարող լինել: Պետք է լինի հիվանդ կենդանի կամ հիվանդ կենդանու մսեղիք, որ մարդը շփում ունենա դրա հետ և վարակվի»,-ասաց Թորոսյանը:

ԱՆ մասնագետի խոսքով, Երևանի բնակիչ հիվանդն այժմ լավ է, դուրս է գրվել հիվանդանոցից, բայց շարունակում է մնալ բժիշկների վերահսկողության ներքո: Իր շրջապատում այլ հիվանդներ չեն հայտնաբերվել, հիվանդն էլ նշել է, որ միս է օգտագործել:

«Չէր էլ կարող խեղճ մարդը ուրիշ պատճառ նշել»,-ասաց Թորոսյանն ու կրկնեց, որ այդ հիվանդությունը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու մսեղիքից, մորթու, եղջույրների և այլների հետ շփումից ու օգտագործումից:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պաշտպանության պետական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ լաբորատոր հետազոտություններն ավարտվել են, սակայն հիվանդի մատնանշած խանութի ու ֆերմայի մսեղիքից վերցված նմուշների ուսումնասիրության արդյունքում հիվանդությունն չի հայտնաբերվել:

Հիմա ծառայության աշխատակիցները փորձում են հիվանդից խաչաձև հարցումների միջոցով փորձել պարզել, արդյոք նա ինչ որ բան չի թաքցնում:

«Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տվյալ ֆերմայում բոլոր կենդանիները պատվաստված են եղել»,-ասաց ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:

Նախորդող հրապարակումներ`

Արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք

Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր

Հարթագյուղի հիվանդ կովերին մորթել են, միսը վաճառել

Կասկածելի 4 կենդանիներից միայն մեկի մոտ է ախտորոշվել սիբիրախտ

Placeholder
Սիբիրյան խոց. Հիվանդը կա, պատճառը` ոչ