Սոցիալապես անապահով ուսանողների 70 տոկոսն օգտվում է վարձի փոխհատուցման ծրագրից
Կրթություն, գիտություն
18:20 01/11/2013

Սոցիալապես անապահով ուսանողների 70 տոկոսն օգտվում է վարձի փոխհատուցման ծրագրից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի(ՄՈԳ) նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից:

ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից:

Հաշվի առնելով սոցիալական անապահովության համակարգում ներառված ուսանողների վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները, նախարար Ա. Աշոտյանի հրամանով նախապես սահմանված բակալավրի կրթական ծրագրի համար 85 և մագիտստրոսի կրթական ծրագրի համար՝ 90 տոկոս ՄՈԳ-երի շեմերը իջեցվել են՝ դառնալով 75 տոկոս:

Արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի այս հրամանով սոցիալական աջակցության ծրագրից օգտվողների թիվը կրկնապատկվել է՝ նրանց համար սահմանելով` 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրից օգտվող ուսանողների ցուցակներն արդեն հաստատված են և առաքվել են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Բուհերի կողմից ներկայացված սոցիալապես անապահով ուսանողների շուրջ 70 տոկոսը, հաղթահարելով հրամանով սահմանված ՄՈԳ-երի շեմը, օգտվում է ուսման վարձի փոխհատուցման ծրագրից:

Placeholder
Սոցիալապես անապահով ուսանողների 70 տոկոսն օգտվում է վարձի փոխհատուցման ծրագրից