Կերը թանկացել է. Ձու արտադրողների պատճառաբանությունը` ՏՄՊՊՀ-ին
Օրվա թեմա
10:20 01/11/2013

Կերը թանկացել է. Ձու արտադրողների պատճառաբանությունը` ՏՄՊՊՀ-ին

Ձվի շուկայում արձանագրված գնաճի պատճառները հասկանալու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրություններ է սկսել, դրանք դեռ կշարունակվեն:

«Մեր տեսադաշտում պահում ենք չորս խոշոր տնտեսվարող սուբյեկտների գործունեություն, և համաձայն մի շարք խոշոր առևտրային կենտրոններում իրականացվող դիտանցումների, ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսների համեմատ ձվի 5 դրամի գնաճ կա»,-Panorama.am-ին ասաց ՏՄՊՊՀ մրցակցության գնահատման բաժնի պետ Մանուկ Միքայելյանը: Նրա ներկայացմամբ, հոկտեմբերի 30-ի դիտանցումը ցույց է տվել, որ օրինակ «Երևան-սիթիում» 69 դրամով ձու կարելի է գնել:

Նույն օրը` հոկտեմբերի 30-ին Panorama.am-ի թղթակիցը եղավ Օհանով փողոցում գործող «Երևան սիթի»-ում, որտեղ ձուն արժեր 70, ոչ թե 69 դրամ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013 թ. հունվար-սեպտեմբեր սպառողական գների ինդեքսի համաձայն, 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 38.6%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 9.4% գնաճ, 2013թ. օգոստոսին էլ` հուլիսի համեմատ գրանցվել էր 1.2% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է ձվի 7.6-19.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.8%-ով:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ուսումնասիրությունների համաձայն, Երևանյան խանութներում ձուն թանկացել է մինչև 20 դրամով:

Հանձնաժողովի մասնագետները գրանցված գնաճի վերաբերյալ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Արաքս», «Արզնի», «Լուսակերտ», ինչպես նաև ոչ գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ ձու» ընկերություններից հիմնավորումներ ու պարզաբանումներ են ուզել:

Ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելիս մասնագետները պարզել են, որ հավերին տրվող կերի բաղադրիչներն իրոք թանկացել են:

«Օրինակ, արևածաղկի բուսական յուղը թանկացել է 11.16 տոկոսով, պրոտեիները` 12 տոկոսով, կոշտ կերային ցորենը` 11 տոկոսով, եգիպտացորենի հատիկները` 6.77 տոկոսով: Ձվի ինքնարժեքում կերը լուրջ կշիռ ունի` մոտ 70 տոկոս, բացի դա թանկացել է գազը, էլեկտրաէներգիան, ստվարաթղթե արկղերը, որոնց մեջ դրվում է ձուն, կան այլ ծախսեր` աշխատավարձեր, վարչական ծախսեր և այլն»,-ներկայացրեց ՏՄՊՊՀ բաժնի պետը:

Հիմա հանձնաժղովում փորձում են պարզել, արդյո՞ք ձվի թանկացումը համարժեք է այդ թանկացումներին, թե ոչ, ինչից հետո կարող են ասել, 5 դրամի բարձրացումը հիմնավոր է, թե չէ:

«Այն, որ որոշակի կոմպոնենտներ թանկացել են, և ձուն պետք է թանկանար, ես այս պահին կարող եմ ասել, որ այդպես է, բայց հարցը հետևյալն է, պետք է հի՞նգ դրամով թանկանար, թե՞ ավելի քիչ կամ շատ թանկանար»,-ասաց Միքայելյանը:

Հանձնաժողովի ներկայացուցիչը մատնանշում է նաև մի փաստ` նվազել են արտադրության ծավալները, արտադրողներն ասել են ժամանակին սերնդափոխություն չեն արել, հավերը ծերացել են, ինչի հետևանքով էլ նվազել են արտադրության ծավալները:
«Իհարկե, դա մեր իրավասության շրջանակից դուրս գտնվող խնդիր է, բայց դա էլ կարող էր ազդեցություն ունենալ»,-ասաց նա:

Մ. Միքայելյանի խոսքով, եթե պարզվի, որ ձվի այդչափ թանկացումը հիմնավոր չէ, ապա հանձնաժողովն իրավասու է մեղադրել նրանց գերիշխող դիրքի չարաշահման մեջ, որը ենթադրում է տուգանք` մինչև 200 մլն դրամի չափով:

Ինչ վերաբերում է արտադրության ծավալներին, ապա բաժնի պետեի տեղեկություններով արտադրական ձեռնարկությունները քայլեր են ձեռնարկում` իրենց արտադրական ցիլկը բնականոն հունի մեջ գցելու համար:
«Իրենց ասելով, պետք է որ 15-20 օրից այդ խնդիրը կարգավորվի»,-ասաց հանձնաժողովի բաժնի պետը:

Նշենք, որ ձվի գնի բարձրացմանը զուգահեռ ավելանում է այն ընկերությունների թիվը, որոնք ցանկանում ու թույլտվություն են ստանում տարբեր երկրներից ձու ներկրելու համար: Այս պահին ձվի ներկրման թույլտվություն ստացել է արդեն 9 ընկերություն:

Նախորդող հրապարակումներ`

Մեկ տարում ձուն թանկացել է 38.6%-ով

Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող

Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել

Ձու ներկրելու թույլտվություն ունեցող ընկերությունների թիվը մեկ ամսում եռապատկվել է

Placeholder
Կերը թանկացել է. Ձու արտադրողների պատճառաբանությունը` ՏՄՊՊՀ-ին