Նախարար. Հուշարձանների վերականգնման և պահպանության ոլորտում մասնագետների պակասի լուրջ խնդիր կա
Մշակույթ
15:37 01/11/2013

Նախարար. Հուշարձանների վերականգնման և պահպանության ոլորտում մասնագետների պակասի լուրջ խնդիր կա

Հուշարձանների վերականգնման և պահպանության ոլորտում մասնագետների պակասի լուրջ խնդիր կա: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները և հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Երբ որ մենք մրցույթ ենք հայտարարում, մի քանի կազմակերպություն է ընդամենը դիմում, մեր ընտրությունը մեծ չէ: Ինչքանով անում են վերականգնումներ, այնքանով պետք է գոհանանք»,- ասաց նախարարը և պաշտոնապես հայտարարեց, որ 2014թ.-ից կառավարության պահանջով ընդհանրապես հրաժարվում են մեկ աղբյուրից գնման գործընթացից, բոլոր ծրագրերը մրցութային փուլ են անցնելու:

Այսպիսով, ըստ նախարարի, պարզ կլինի, թե որքանով է դաշտը պատրաստ հուշարձանների վերականգնման ծրագրեր իրականացնել:

Ըստ Հասմիկ Պողոսյանի` ոլորտում առկա մյուս խնդիրն այն է, որ ոչ լիարժեք նախագծերն են, ֆինանսավորումների ոչ բավարար ծավալ է. «Եվ, անշուշտ, անփույթ, ոչ բարեխիղճ վերաբերմունքը, երբ շինարարները` ստանալով հաստատված նախագիծը, և պետության կողմից վերահսկվող դեպքերում, և մասնավորները, փորձում են շեղվել հաստատված նախագծից»,- ասաց նա:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նկատեց, որ առկա է մասնագետների վատ պատրաստվածություն: «Երբ խոսում ենք հուշարձանների մասին, ասում ենք որակը լավը չի, պատճառը նաև այն է, որ մասնագետների որակական հատկանիշները թերի են: Կան արդիական հուշարձաններ, որոնք հնացած են և ունեն հարմարեցման խնդիր: Մասնագիտական մոտեցումների խնդիր կա դրանք հարմարեցնելիս, այսինքն ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ»,- ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահն իր հերթին նշեց, որ օրենք գոյություն ունի, բայց չի գործում: «Կարո՞ղ ենք այնպես անել, որ օրենքը գորրծի և գործի բոլորի համար, նույն հարթության մեջ: Մեզ բոլորիս վրդովեցնում է դա: Կարելի է մշակել բազմաթիվ բաներ, ներկայացնել, ասել, բայց եթե վաղը նույնը շարունակվի, իսկ մենք նստած իրար երեսի ենք նայում, շատ տխուր բան է ստացվում»,- ասաց նա:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը արձագանքեց, որ գործող օրենքը արդեն իսկ լավն էր, իսկ լրամշակված տարբերակն ավելի լավն է: «Օրենքի չիմացությունը չի ազատում չէ՞ պատասխանատվությունից: Կան կնքված պարտավորագրեր: Ընդհանրապես հոգեբանական բան կա, երբ սեփականատերը գնում է, պահպանական պարտավորագիրը իր հաշվին է, մեծ ծախս չի, բայց դե ծախս է: Բայց հիմնականում պետք է պարտավորագրերով կանոնակարգվի: Մենք հիմա խիստ ենք դնում հարցը, նույնիսկ շանտաժի ձևով ասում ենք, պիտի կնքես պարտավորագիր, հետո կնայենք նախագիծը»,- ասաց փոխնախարարը:

Նախորդիվ`

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Խորհրդարանական լսումներ. Հուշարձանների աղճատում, վերահսկողության բացակայություն, բիզնես ծրագրեր

2010-ից 300 առավել վտանգված և վերականգնման անհրաժեշտություն ունեցող հուշարձաններ են ցուցակագրվել

Placeholder
Նախարար. Հուշարձանների վերականգնման և պահպանության ոլորտում մասնագետների պակասի լուրջ խնդիր կա