Փորձագետ. ՌԴ-ից հնչող հայտարարություններն Ադրբեջանում աժիոտաժային տրամադրություններ են ստեղծել
Քաղաքական
15:25 01/11/2013

Փորձագետ. ՌԴ-ից հնչող հայտարարություններն Ադրբեջանում աժիոտաժային տրամադրություններ են ստեղծել

 Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Անատոլի Վասյակը անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում, նշել է, թե դա սադրանք է: Վերջինս նաև ընդգծել է, որ իրենց համբերությունն անսահման չէ, և իրենք ցանկացած պահի կարող են ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հիմնահարցը:

Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանից եկող մեսիջները աժիոտաժ են ստեղծել Ադրբեջանում:

«Ռուսաստանն ու Հայաստանը անընդհատ զարգացնում ու ամրապնդում են իրենց հարաբերությունները բոլոր բնագավառներում և հատկապես ռազմական ոլորտում, ինչն անշուշտ հակասում է Ադրբեջանի շահերին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն իր հերթին նոր լիցք կհաղորդի այդ հարաբերություններին, ինչը կբերի նաև Ադրբեջանի կողմից հնչող զգացմունքային հայտարարությունների»,- նշեց նա:

Նրա խոսքերով, Ադրբեջանն իվիճակի չէ, լուծել այն խնդիրը, ինչի մասին բարձրաձայնում է, ավելին, Ադրբեջանի կողմից ցանկացած ագրեսիա, իր իսկ համար վատ հետևանքների է հանգեցնելու:

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր շանտաժային քաղաքականությունը ապագա չունի»,- հավելեց նա:

Ս. Պետրոսյանը նաև նշեց, թե ադրբեջանական բանակում, նոր նախարարի նշանակումից հետո, անընդհատ կադրային փոփոխություններ են ընթանում, իսկ բանակի գեներալիտետը փորձում է ինքնադրսևորվել:

Placeholder
Փորձագետ. ՌԴ-ից հնչող հայտարարություններն Ադրբեջանում աժիոտաժային տրամադրություններ են ստեղծել