Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից. Պարզաբանում է նախարարությունը
Տնտեսություն
13:40 02/11/2013

Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից. Պարզաբանում է նախարարությունը

Հանրապետության ողջ տարածքում հոսանքազրկման վերաբերյալ Panorama.am-ին պարզաբանում ներկայացրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Հարությունյանը.

«Նոյեմբերի 2-ին` ժամը 10:24 րոպեին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, որի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ին դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից` վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ներդրման համար:

Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Ուստի այս օրերի ընթացքում Իրանից Հայաստան էր ներկրվում 198 մգվտ էլեկտրաէներգիա: Հանրապետության էներգահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգի հաճախականությունը իջել էր մինչև 45 հերց, որի պատճառով էլ տեղի ունեցան հոսանքազրկումներ:

Ժամը 10:26 րոպեին արդեն իսկ վերականգնվել էր Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, ժամը 11:30-ին` վերականգնվել էր հանրապետության էլեկտրաէներգիա սպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը:

Այս պահին շարունակվում են աշխատանքները մյուս սպառողների էլեկտրամատակարարումը ևս վերականգնելու համար: Միաժամանակ ընթանում է նաև մասնագիտական քննություն` կատարվածի պատճառները պարզելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու համար»:

Լ. Հարությունյանը պարզաբանեց, որ պարբերաբար Իրանի և Հայաստանի միջև փոխհոսքեր են կատարվում:
«Այս օրերի ընթացքում ատոմակայանային ծախսը լրացվում էր Իրանից բերվող հոսանքով: Սա առաջին անգամ չէ, մենք տարիներ շարունակ փոխհոսքեր ենք իրականացրել Իրանի հետ, բայց նման խնդիր կարծես թե առաջին անգամ է լինում, հիմա պատճառներն ուսումնասիրվում են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Նախորդող հրապարակումներ`

Զանգվածային հոսանքազրկում Հայաստանում. Պատճառը դեռ հայտնի չէ

Հոսանքազրկումը համակարգային խնդրի հետևանք է

Քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել մետրոպոլիտենից

Placeholder
Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից. Պարզաբանում է նախարարությունը