Տիգրան Սարգսյան. ՄՄ-ն Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է
Տնտեսություն
15:00 07/11/2013

Տիգրան Սարգսյան. ՄՄ-ն Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է

Ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականը հրապարակել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույց, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը խոսում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման շարժառիթների, Արդրեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Տեղեկատվական տեխնոլոգիան փրկում մեր երկրի տնտեսությունը։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները որոշեցին մտնել Մաքսային միություն

-Մաքսային միությունը (ՄՄ) Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է: Երկարատև բանակցություններն ու ուսումնասիրությունները, ըստ իս, հաջող ավարտվեցին, և մենք ՄՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորություն ստացանք: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը հարց էր, որը լրջագույն ուսումնասիրության ու կողմ և դեմ կողմերի ըմբռնում էր պահանջում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է և ներդրողը, իսկ հայկական արտադրանքը, հիմնականում, իրացվում է ռուսական շուկայում: Եվ ակնհայտ է, որ Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներից մեկուսացվածությունը կհանգեցնի մրցունակության կորստի, ավելին, կարող է որոշակի սահմանափակումներ ծագել մեր համագործակցության համար, ինչը կխանգարի ՀԱՊԿ-ում մեր ռազմավարական, գործընկերային հարաբերություններին: Հետխորհրդային տարածքի փոխհարաբերություններում «սառեցված» է հսկայական ներուժ , և հայկական ձեռնարկությունները խիստ շահագրգռված են, որպեսզի ՄՄ շուկան մեզ համար առավելագույնս մատչելի լինի: ՄՄ երկրների հետ ինտեգրման առավել բարձր մակարդակը, այդ թվում՝ առևտրային տեխնիկական խոչընդոտների հեռացումը, իհարկե, կխթանի Հայաստանի տնտեսական աճը: Սակայն կան նաև որոշակի ռիսկեր. ՄՄ-ում սակագները կրկնակի բարձր են, քան երրորդ երկրների հետ Հայաստանի մաքսատուրքերը: Մենք կբախվենք որոշակի դժվարությունների: Բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Հայաստանը շահում է Մաքսային միություն և Միացյալ տնտեսական տարածք (ՄՏՏ)մտնելով:

-Ուկրաինան պատրաստվում է նոյեմբերի ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը։ Մտավախություն կա, որ Մոսկվան կտա կոշտ պատասխան և ոչ բոլոր ապրանքները կարող են նախկին սխեմայով մտնել ՄՄ շուկա։ Հայաստանը պատրաստվո՞ւմ է ՄՄ- ի չափանիշերից ելնելով սահմանափակումներ մտցնել ուկրաինական ապրանքների համար:
-Մենք երրորդ երկրների ապրանքների համար ինչ- որ պատնեշներ սահմանելու նման խնդիր և նպատակ չունենք։ Մաքսային միությունում և Եվրասիական տնտեսական տարածքում իրոք գործում են միասնական մաքսատուրքեր, միասնական կանոններ, որոնք ապահովում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ներուժի ազատ շարժը։ Հայաստանը, որպես ՄՄ և ՄՏՏ անդամության թեկնածու մշակել է օրենսդրությունը ներդաշանակեցնելու ծրագիր և կառուցվածքային բարեփոխումների իրականացում։ ՄՄ- ին անդամակցելուց հետո մենք կդառնանք որոշումների ընդունման լիարժեք մասնակից և կելնենք ՄՄ անդամ երկրների ընդհանուր շահերից։

-Ղարաբաղյան հարցը որոշի՞չ էր ինչպիսի միության՝ ՄՄ- ին, թե ԵՄ- ին, Հայաստանի անդամակցության ընտրության հարցում։
-Ամեն ժողովուրդ ունի իր ճակատագիրը։ Լեռնային Ղարաբաղը մեզ համար ունի առանցքային նշանակություն, դրա համար մեր բոլոր ծրագրերը կառուցվում են՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ազատ ապրել և ստեղծագործել իր հողում։ Սակայն ես, ամեն դեպքում չէի կապի ԼՂ խնդիրը` տնտեսական ինտեգրման ընտրության հետ։ Գոյություն ունեն առանցքային հարցեր առ այն, թե Հայաստանն ինչպիսի դիրքորոշում ունի այս տարածաշրջանում, ինչպես է տեսնում իր ապագան, ինչպես Հայաստանը պետք է կառուցի իր արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական փոխհարաբերությունները։ Այդ ամենը համալիր, բարդ հարցեր են։ Անվտանգության, տնտեսական բարեկեցության, քաղաքական, մշակութային ուղղության զարգացման հարցերըբերում են այն մտքին, որ ՌԴ-ի և ՄՄ մյուս անդամ երկրների հետ ռազմավարական գործընկերությունը բխում է մեր ժողովրդի կենսական շահերից։ Ուր գնալ ընտրության հարցում կարևորագույն գործոնի մասին նման հարցադրումն ավելի ճիշտ է, քան դրա` մեկ հարցի դիրքորոշման նեղացումը:

-Կա՞ն արդյոք հարակից հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորություններ։
- Իհարկե, մենք դրանք ձգտում ենք և հասկանում, որ պետք է գնալ այդ ուղղությամբ։ Բանակցային գործընթացի շրջանակում, որն արդեն ընթանում է բավականին երկար ԵԱՀԿ և Մինսկի խմբի հետ, ձևավորվել են մի շարք մոտեցումներ, որոնք ենթադրում են որոշակի փոխհամաձայնություններ ինչպես մեր, այդպես էլ Ադրբեջանի կողմից։ Մենք շատ կառուցողական ենք տրամադրված։ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կարգավորելու նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Սակայն, ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան դրան պատրաստ չէ։ Նա միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը և չի կարող դրանից հեռու մնալ:

-Հնարավո՞ր է Թուրքիան կարող էր ավելի լոյալ լիներ, եթե Հայաստանում չառաջանար Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին սրբացնելու գաղափարը։
-Այդ նախաձեռնություն հեղինակը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ հայոց եկեղեցին։ Հայաստանը աշխարհիկ պետություն է, որքան հայտնի է Թուրքիան նույնպես իրեն համարում է աշխարհիկ պետություն, ուստի չեմ կարծում, թե եկեղեցու կողմից նման որոշումը կարող է խոչընդոտել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Եթե խառնենք այդ երկու գործընթացները, ապա դժվար է գտնել երկու հարևան պետություններ, որոնք պատմության ընթացքում հակամարտություն չեն ունեցել։ Նորմալ հարաբերություններ հաստատելու համար պետք է նայել ապագային, իհարկե, չոռանալով անցածի դասերը։ Իսկ անցյալում պետք են գտնել փաստարկներ, որոնք կարող են օգնել առաջ շարժվելու գործընթացին։ Այդ առումով մեր նախագահի նախաձեռնությունը միտված էր ապագային, և ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումը ժամանակի հարց է։ Թուրքան դեռևս պատրաստ չէ այս հարցում քաղաքական կամքի դրսևորման։ Մյուս կողմից՝ այսօր այն իրեն համարում է մեկ ազգ՝ երկու պետություն։ Թուրքիան հենց այդ հիմքի վրա է աջակցում Ադրբեջանին։

-Ինչպե՞ս է հաջողվում զարգացնել Հայաստանի տնտեսությունը նման պայմաններում։
-Հայաստանի զարգացման համար լրջագույն խնդիրներ է առաջացնում այն փաստը, որ մեր երկիրը փաստացիորեն երկու հարևան երկրների կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Միաժամանակ՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն ստեղծում են դժվարություններ արտաքին առևտրային գործողություններ իրականացնելու համար, և միակ ճանապարհը, որը հնարավորություն է ընձեռում պահպանել արտաքին առևտրային հարաբերությունները` Վրաստանով անցնող ճանապարհն է։ Դա հայկական տնտեսության շատ ոլորտների մրցունակութանը նվազեցման հիմնական պատճառներից մեկն է: Սակայն հայտնվելով նման պայմաններում՝ Հայաստանը կարողացավ զարգացնել պակաս էներգատար և տրանսպորտատար, սակայն միաժամանակ ինտելեկտուալ բնագավառները, որոնց համար անհրաժեշտ են քիչ նյութեր, և արտադրում են ավելացված առավել արժեքով ապրանքներ։

Դա, նախևառաջ ՏՏ ոլորտն է, որի ծավալները վերջին հինգ տարիներին արդեն համադրելի են լեռնահանքային արդյունաբերության ծավալներին։ Մենք խրախուսում ենք այն ոլորտների զարգացումը, որտեղ ունենք համեմատաբար առավելություն և արտահանման ներուժ։ Երկուսուկես տարի առաջ մենք Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրեցին հայկական տնտեսության ներուժի ուսումնասիրություն, որոշեցինք ոլորտների հեռանկարները և մշակեցինք արտահանմանը նպաստող արդյունաբերության զարգացման ռազմավարությունը։ ՏՏ- ից բացի բավականին լուրջ առաջընթաց կա դեղագործական արդյունաբերության, կոնյակի և գինու արտադրության, ճշգրիտ սարքաշինության, ոսկերչության և այլ ոլորտներում։ Այսօր մեր առաջ կանգնած է տնտեսության և նաև արտաքին, ինչպես տնտեսական, այնպես էլ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման խնդիրը։ Ուստի եվրաինտգրումը և եվրասիական ինտեգրումը ոչ թե «կամ… կամ»- ի, այլ «և… և»- ի հարց է։

Placeholder
Տիգրան Սարգսյան. ՄՄ-ն Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է