Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«...Պատկանյանի նվիրումը խորապես համոզիչ է». Այսօր Ռափայել Պատկանյանի ծննդյան օրն է
«Հայերը Հայաստանեն դուրս նմանում են օտարի տուն վարձողի, որն աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ կամ ուշ դուրս պիտի ձգե նորան օրինավոր տանուտերը»,- ասել է բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը: Նա հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է, մեծապես նպաստել է աշխարհաբար լեզվի ամրապնդմանն ու աշխարհիկ գրականության ստեղծմանը:
![]()
Ռ. Պատկանյանը ծնվել է 1830 թ հենց այս օրը՝ նոյեմբերի 8-ին: Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։
1843–49 թթ-ին Պատկանյանը սովորել է Լազարյան ճեմարանում: 1850 թ-ին մեկնել է Թիֆլիս, դասավանդել Ներսիսյան դպրոցում, օգնել է հորը՝ հրատարակելու արևելահայ առաջին պարբերականը՝ «Արարատ» շաբաթաթերթը, որտեղ էլ տպագրվել են Պատկանյանի առաջին ոտանավորները:
1851թ-ին ուսանել է Դորպատի համալսարանում, 1852թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1854թ-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը, որն ավարտել է 1860թ-ին՝ թեկնածուի գիտական աստիճանով: 1857թ-ից անդամակցել է «Երիտասարդ Հայաստան» խմբակցությանը, որի նպատակը Հայաստանի ազատագրումն էր:
1852-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քատիպա ընկերությունը։ 1855-ին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Գամառ-Քաթիպա անունը կազմված էր իր և ընկերության մյուս անդամների անվան և ազգանվան սկզբնատառերից: 1855 թվականին այդ ընկերությունը հրատարակում է առաջին գրքույկը: Հաջորդ մի քանի տարիներին Գամառ-Քաթիպա անունով հրատարակվում է էլի 4 գրքույկ: Այդ գրքույկում տեղ գտած գործերի մեծ մասը և լավագույնները Պատկանյանի բանաստեղծություններն էին (որոնց թվում էր «Արաքսի արտասուքը»), որոնք և արդեն այն ժամանակ իրենց հեղինակի անունը հայտնի դարձրին: Հետագայում Գամառ-Քաթիպա անունով հանդես է գալիս միայն ինքը` Պատկանյանը:
«Գամառ-Քաթիպան իր արձակ գրվածքներով մի Ջոնաթան Սվիֆտ է»,- ասել է գրող Ալեքսանդր Շիրվանզադեն:
1866 թ. բանաստեղծը վերադառնում է իր ծննդավայրը` Նոր Նախիջևան, որտեղ ապրում է մինչև կյանքի վերջը: Պատկանյանը վախճանվել է 1892 թվականին:
Պատկանյանը ստեղծագործել է գրական համարյա բոլոր ժանրերով: Սակայն մեր նոր գրականության զարգացման պատմության մեջ նրա կատարած խոշոր դերը առավելապես պայմանավորել է նրա պոեզիան:
Պատկանյանի պոեզիայի համար բնորոշ են և՛ քաղաքական, և՛ սոցիալական մոտիվները` նրա ստեղծագործական կյանքի ամբողջ ժամանակամիջոցում: Սակայն նրա քաղաքական-հայրենասիրական բովանդակության գործերը անհամեմատ ավելի նշանակություն ունեցան անցյալի մեր հասարակական կյանքում և անհամեմատ ավելի ճանաչում ստացան:
Պատկանյանը իր բանաստեղծություններով որոշակիորեն ձգտում է ընթերցողին դաստիարակել հայրենիքի ազատության համար պայքարելու պատրաստակամության ոգով:
Իբրև երգիծաբան, Պատկանյանը նույնպես նշանավոր դեմք է հայ գրականության մեջ: Ճիշտ է՝ նրա երգիծական գործերում թեպետ հաճախ պակասում է ծիծաղ առաջացնելու նպատակին ուղղված ստեղծագործական չափի զգացումը, որն արտահայտվում է մանավանդ նատուրալիստական պատկերների ու նկարագրությունների առկայությամբ, բայց և այնպես այդ գործերը շատ արժեքավոր են, «Փորսուխին Ավագը», «Բարևագրեր», «Տրացինս», «Վարտևոր», «Օձի խածած» և այլ գործերում Պատկանյանը հանդես է գալիս քաղքենիական խավերին բնորոշող հետամնացության, ինքնագոհության և այլ արատների անխնա քննադատությամբ:
Ռափայել Պատկանյանն Աբովյանից ու Ալիշանից հետո Նալբանդյանի հետ միաժամանակ խոշոր դեր է կատարել աշխարհաբարը գրական լեզու դարձնելու գործում: Եթե նկատի առնենք, որ նրա աշխարհաբար առաջին պոեմը` «Զարմայր Նահապետի մահը» տպագրվել է 1850 թվականին («Արարատ» թերթում) և այնքան տարածված «Արաքսի արտասուքը»` 1856 թ., այսինքն` «Հյուսիսափայլի» լույս տեսնելուց մի քանի տարի առաջ, ապա պարզ կդառնա Պատկանյանի ստեղծագործության կարևոր արժեքը աշխարհաբարի հաղթանակի և հայ նոր պոեզիայի զարգացման պատմության մեջ:
«Պատկանյանի պոեզիայի ուժը նրա բուռն հայրենասիրությունն է, անմնացորդ նվիրումը հարազատ ժողովրդին, որն արտահայտվում է ոչ միայն ներբողներով, այլև դառն սատիրայով: Ճշմարիտ սիրուն ամենևին էլ խորթ չեն ցասումը և նույնիսկ ատելությունը, այդ իսկ պատճառով էլ Պատկանյանի նվիրումը խորապես համոզիչ է»- ասել է ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովը: