Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը պետք է զերծ մնա մաքսիմալիստական պահանջներից
Քաղաքական
11:27 08/11/2013

Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը պետք է զերծ մնա մաքսիմալիստական պահանջներից

«Սարգսյան-Ալիևը վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, սակայն դրան հաջորդել են բազմաթիվ իրադարձություններ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանի կայացած նախագահական ընտրությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև նախատեսված հանդիպմանն ու ղարաբաղյան գործընթացի ներկա փուլին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ այդ հանդիպումը պետք է կայանար հունիս-հուլիս ամիսներին, սակայն Ալիևի խնդրանքով այդ հանդիպումը հետաձգվում էր՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված:

«Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում տեղի ունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևը հանդիպումը»,-նշեց Ս. Մինասյանը:

Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահները որևէ կոնկրետ ակնկալիքներ չունեն այդ հանդիպումից:

«Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրությունները ավարտվել են և նախագահները այժմ ազատ են ներքաղաքական կոնտեքստից»,-նշեց բանախոսը:

Քաղաքագետը նշեց, որ բանակցային գործընթացի դինամիկան պահպանվելու է և բավականին երկար ժամանակ ականատես ենք լինելու «բանակցություններ՝ բանակցությունների համար» գործընթացին:

Ս. Մինասյանը նշեց, որ ադրբեջանական կողմը Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ պետք է համոզվի, որ ղարաբաղյան հարցի ռազմական լուծում գոյություն չունի և Ադրբեջանը պետք է զերծ մնա մաքսիմալիստական պահանջներից:

Placeholder
Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը պետք է զերծ մնա մաքսիմալիստական պահանջներից