Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Էրեբունի» արգելոց-թանգարանը 45 տարեկան է. «Մենք գոհ ենք ֆրանսիացիների ներկայությունից մեր հնավայրում»
«Էրեբունի» արգելոց-թանգարանը 45 տարեկան է: Հիմնադրման 45-րդ տարեդարձին նվիրված` դեկտեմբերին անցկացվելու է գիտական նիստ` ներկայացնելով արգելոց-թանգարանի անցած ուղին նոր ծրագրերի համատեքստում: Այս մասին ասուլիսում ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: ««Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը դարձավ արժանապատվորեն ներկայանալու ամբիցիա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Խորհրդային միության համար, որի նպատակն էր հասնել միջազգային ճանաչման»,- ասաց նա:
Գ. Գյուրջյանի խոսքով, իրենք մեծ թափով նախապատրաստվում են արգելոց-թանգարանի 50-ամյակին. «Այդ ժամանակ արդեն կներկայանանք վերականգնված ամրոցով»: Նրա տեղեկացմամբ, հաջորդ տարվանից կսկսվեն ամրոցի վերականգնողական աշխատանքները, իսկ մինչ այդ շարունակվում են հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական պեղումները:
ԻԿՕՄՕՍ-Հայաստանի գլխավոր քարտուղար, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Ազիզյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 14-15-ը Փարիզում կայացած «Ֆրանսիական հնագիտությունը Ֆրանսիայում և Ֆրանսիայից դուրս. կատարողները, նպատակները և խնդիրները» միջազգային կոլոքվիումին հրավիրված է եղել նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանը: Ըստ նրա, միջազգային հարթակում Էրեբունիի հայ-ֆրանսիական հնագիտական առաքելությունը գնահատվում է որպես համագործակցության հաջողված օրինակ: Հ. Ազիզյանը նշեց, որ համատեղ պեղումների արդյունքում կատարվել են շերտագրական ճշգրտումներ, որը հնագիտության, հայագիտության համար շատ կարևոր է: «Մենք գոհ ենք ֆրանսիացիների ներկայությունից մեր հնավայրում, ինչն օգնել է աշխատել ժամանակակից մեթոդներով, նորովի ներկայանանք հայ հասարակությանը, զբոսաշրջիկներին, քանի որ այն ձևը, որով ներկայացել ենք, արդեն հնացած է»,- ասաց նա:
Գ. Գյուրջյանի խոսքով, իրենք ձեռնամուխ են լինելու նաև ուրարտագիտական կենտրոնի ստեղծման գաղափարի իրականացմանը. աջակցելու խոստումներ են տվել իշխանությունները, քաղաքային իշխանությունը, դիմել են նաև միջազգային դրամաշնորհային ծրագրերի: