Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՀԿ մամուլի հարցերով նախկին ներկայացուցիչը խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին
Հունգարացի հայտնի գրող, իրավապաշտպան Միկլոշ Հարաշտին (Miklós Haraszti), ով 2004-2010թթ. հանդիսանում էր ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչը, այսօր Թբիլիսիում անցկացվող Հարավային Կովկասի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հոբելյանական 10-րդ համաժողովի ժամանակ խիստ քննադատել է մամուլի և խոսքի ազատության հարցերում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը:
Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Թբիլիսիից՝ Հարաշտին, որպես օրինակ բերելով ադրբեջանցի հայտնի լրագրողներ Ռաֆիկ Թաղիի և Էլմար Հուսեյնովի հետապնդումները, ինչը երկու դեպքերում էլ ավարտվեց նրանց՝ մինչ օրս չբացահայտված սպանություններով, նշել է, որ ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այդ դեպքերի համար:
«Ռաֆիկ Թաղին մեծ ինտելլեկտուալ էր, շատ կարդացած մի մարդ, ում հասցեին մեկ նախադասության պատճառով հնչող սպառնալիքները ավարտվեցին նրանով, որ իշխանությունները նրան (2007թ) դատապարտեցին որպես էքստրեմիստի, իսկ բանտից (Ալիևի համաներումով) դուրս գալուց 4 տարի հետո նրան ուղղակի սպանեցին»,-ասաց նա:
Հարաշտին նաև ավելացրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել էր անձամբ հետևել քննության ընթացքին՝ հանցագործներին գտնելու և պատժելու նպատակով, սակայն առ այսօր ոչինչ արված չէ:
Նշենք, որ 2006 թ.-ի նոյեմբերին իսլամական արժեքները քննադատող հոդվածի համար «Սենեթ» թերթի խմբագիր Սամիր Սադաթօղլին և գրող Ռաֆիգ Թաղին ձերբակալվել են: 2007 թվականի մայիսին նրանց դատապարտել են համապատասխանաբար չորս և երեք տարի ազատազրկման: Նույն տարվա դեկտմեբերին նրանց ներում են շնորհել:
Հիշեցնենք նաև, որ 2011 թվականի նոյեմբերի 19-ին Ռաֆիգ Թաղիի վրա հարձակում էր իրականացվել, որի պատճառով նա ստացել էր դանակի վեց հարված: Նրան վիրահատել են, սակայն վիրահատությունից հետո, նոյեմբերի 23-ին նա մահացել է Բաքվի կլինիկական հիվանդանոցում: Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է Ռաֆիգ Թաղիի սպանությունը և կոչ արել Ադրբեջանի իշխանությանը անցկացնել մանրակրկիտ հետաքննություն, պատժել բոլոր մեղավորներին: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ: Եվրոխորհրդարանը նույնպես քննադատել է գրողի սպանությունը և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: