Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արիելը հյուր Կիկոսին, կամ թե ինչու «քաչալ շունը» դարձավ «սափրած շուն»
Հարգելի խմբագրություն,
Ձեզ դիմում եմ մի խնդրանքով, որն ինձ հուզում է արդեն մի քանի ամիս:
Բանն այն է, որ ունեմ մանկահասակ երեխա և ակամայից հայտնվել եմ մի ընկերության ցուցակում, որը պարբերաբար երեխայիս համար տարբեր բնույթի մանկական ամսագրեր է բերում: Մի կողմ թողնելով ընկերության կողմից բազմիցս զանգահարելն և իրենց ապրանքը գնել համոզելը՝ անդրադառնամ ամսագրերի բովանդակությանը: Զանազան վերնագրերով՝ ներկիր ինքդ, մանկական հեքիաթներ և այլն, ամսագրերն առաջին հայացքից բավականին անմեղ են և ոչ վտանգավոր, սակայն շատ զարմանալի է, որ գրեթե բոլոր նմանաբնույթ ամսագրեր մատակարարող ընկերությունները աղճատում են բնօրինակները ըստ իրենց ճաշակի և հիշողության:
Օրինակ՝ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները ներկայացվում են առավել սեղմված, որոշ տողեր հանած և հանգավորված նոր տողեր ավելացնելու տեսքով: Տպավորություն է ստեղծվում, որ աշխատակիցները չեն գտել հեղինակի գիրքը և սեփական ուժերով որոշել են հիշել բանաստեղծությունն ու տեղադրել համապատասխան էջում: Նման կերպ վարվում են գրեթե բոլոր մանկագիրների հետ. արդյունքում «քաչալ շունը» դառնում է «սափրած շուն», «Սոս»-ը դառնում է «գող», իսկ էջեր լցնելու համար «Լենին պապիկը» դառնում է «Լևոն պապիկ»:
Ավելորդ չէ նկատել, որ վերոնշյալ ամսագրեր կազմողները թույլ են նաև ուղղագրությունից ու կետադրությունից, հատկապես խեղճանում են ուրիշի ուղղակի խոսք ներկայացնելիս: Խմբագրակազմը շատ դեպքերում մատների արանքով է նայում նաև բանաստեղծությունը կամ հեքիաթն ուղեկցող նկարի ընտրությանը: Օրինակ «Կիկոսի մահը» հեքիաթը ձևավորում են արդիականություն վայելող «Սպունգ Բոբ» կամ «Ջրահարս Արիել» մուլտերի նկարներով:
Խնդրում եմ ճշտել այն պատասխանատու մարմնի անունը, որը կարող է բացատրել մանկական ուղեղները լվալու այս բարձիթողի ձևը:
Ծ. Խաչատրյան
Ասենք, որ Panorama.am-ը կանդրադառնա բարձրացված այս կարևոր հարցերին: