Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նրանք, ովքեր կողմ կքվեարկեն, անբարոյական քայլ կկատարեն». Պաշտոնյաների աշխատավարձերի մասին օրինագիծն ընդունվեց
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որը առաջացրել էր շատերի և հատկապես դատավորների դժգոհությունը, Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց:
Մինչև քվեարկությունը, պատգամավորներն արտահայտեցին իրենց դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ, և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին: Օրինագծին կտրուկ դեմ էր նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը, որի ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «նրանք, ովքեր կողմ կքվեարկեն, անբարոյական քայլ կկատարեն»:
Դեմ քվեակելու մասին հայտարարեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ նկատեց, որ իրենք կողմ են, որ նախագծով բարձրանանա 160 հազարից ավել քաղծառայողների աշխատավարձերը և հետո նշեց, որ իրենք դեմ են, որ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան: «Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն այս փուլում անընդունելի է: Մենք այդ պատճառով էլ դեմ ենք քվերակելու` առանց որակումներ տալու», -հավելեց պատգամավորը:
Կառավարության ներկայացրած օրինագծին կողմ արտահայտվեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք կողմ են նախագծին: «Որոշ գնահատականներ խեղաթյուրում են իրավիճակը: Մեր խմբակցության տեսակետը հստակ է՝ տարիներ շարունակ առաջարկել ենք անցնել աշխատավարձերի վճարման շարունակական քաղաքականությանը մեր երկրում: Մեր խմբակցությունը կողմ է այս օրենքին, վստահ ենք, որ սրանով պետական ծառայություն իրականացնող անձանց հարցերն են կագավորվում, ոչ թե բարձրաստիճան անձանց»,- իրենց դիրքորոշումը հիմնավորեց Աղվան Վարդանյանը:
ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես դեմ արտահայտվեց օրինագծին, ասաց, որ աշխատավարձերի խնդրին չի կարելի մատների արանքով նայել` հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը շտապեց հայտարարել, որ երբեք խոսքը չի գնացել բարձրաստիճան անձանց աշխատավարձերի բարձրացման մասին: «Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ պատգամավորի աշխատավարձը չպետք է բարձրանա, դեմ են բոլորի աշխատավարձերի բարձրացմանը: Եթե մեկը դեմ է համակարգին, թող նա դեմ քվեարկի»,- նշեց նա: