Շ.Քոչարյան. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար
Քաղաքական
15:38 12/11/2013

Շ.Քոչարյան. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար

«Կառավարության դիրքորոշումն այս հարցում հետևյալն է` ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար: Խոսքը վերաբերում է դե-յուրե ճանաչմանը, որովհետև դե-ֆակտո ՀՀ-ն վաղուց ճանաչել է ԼՂՀ անկախությունը, մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ»,- Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ գոյություն ունեն շուրջ 100 պայմանագրեր, որոնք կարգավորում են տարբեր դաշտերում ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները.

«Բնական է, բոլորիս նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը և այդ նպատակը հետապնդում է նաև ՀՀ-ն բանակցային գործընթացում: Եվ մենք ամենևին էլ ոկղմ չենք, որպեսզի ճանաչելով մնանք միայնակ,ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում: Դա ամենևին չի նպաստի բանակցային գործընթացում այն արդյունքին, որին մենք ձգտում ենք»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը:

Մատնանշելով նրան, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, փոխարտգործնախարարը նշեց, որ այն հանգամանքը, որ առաջընթաց չկա, պայմանավորված է միայն Ադրբեջանի դիրքորոշմամբ.

«Եվ քանի դեռ այդ դիրքորոշումը այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս-քվոն` այնքան ժամանակ, քանի Ադրբեջանում խելքները գլուխը չհավաքեն, դադարեն հակահայ հայտարարությունները, միլիտարիստական հայտարարությունները, որոնք որևէ մեկին չեն վախեցնում, դադարեն աղավաղել պատմությունն ու միջազգային իրավունքը»,- նշեց նա:

«Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, անթաքույց երազանքն է և ինքն ամեն ինչ անում է, որպեսզի խոսվի, թե  անարդյունավետ է ՄԽ-ն»:

Բանախոսի կարծիքով, Ադրբեջանը տապալում է բանակցային գործընթացը, որեսզի ձևաչափը վերանայելու կարիք լինի: 

«Հասկանալի է, թե ինչու է դա անում... Խնդիրը ամենևին էլ նրանում չէ, թե մենք վախեցած ենք պատերազմից. ցանկացած մարդ երբեք չի ձգտի պատերազմի, եթե դա հայրենիքի պաշտպանությունը չի... այդ տեսանկյունից ներկա փուլում ճանաչումը առիթ է Ադրբեջանի համար ձերբազատվել ՄԽ ձևաչափից»,- թվարկեց Շ.Քոչարյանն ու  հավելեց, որ  կարծում է, թե  Հայաստանի Ազգային Ժողովը չպետք է այդ հնարավորությունն ընձեռի Ադրբեջանին:

Նախորդիվ` 

Հ.Սահակյանը մեղադրեց Զ.Փոստանջյանին. Ընդամենը աշխարհին փորձում եք ցույց տալ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը
 

Placeholder
Շ.Քոչարյան. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար