Վարչապետն անդրադարձավ Վանաձորի մանկավարժականի և ՀՊՃՀ մասնաճյուղի միացման շուրջ դժգոհություններին
Կրթություն, գիտություն
18:32 13/11/2013

Վարչապետն անդրադարձավ Վանաձորի մանկավարժականի և ՀՊՃՀ մասնաճյուղի միացման շուրջ դժգոհություններին

Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միացման շուրջ առկա դժգոհությունների հարցն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հայտնեց, որ այսօր մի քանի հարյուր ուսանողներ, դասախոսներ բողոքի երթի էին դուրս եկել Վանաձորում, որով իրենց բողոքն էին արտահայտում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի գործունեության դադարեցման վերաբերյալ: Էդմոն Մարուքյանը նշեց, որ բողոքի դուրս եկածները պնդում են, որ այն մասնագիտությունները, որոնք ապահուվում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը, հնարավոր չի լինելու այլ իրավիճակներում ապահովել:

«Հայտնի չէ, թե ինչ է լինելու այդ համալսարանի ուսանողների, դասախոսների, շենքի ճակատագիրը: Մամուլում ժամանակին արծարծվում էր, որ շենքերը պետք է մասնավորացվեն: Ես խնդրում եմ, որ մանրամասն պարզաբանեք, թե ինչ որոշումներ է պատրաստվում կառավարությունը կայացնել, և դրանք ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ուսանողների ու դասախոսների համար»,- ասաց պատգամավորը:

Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նախ հայտարարեց, որ քաղաքականությունը, որ պետք է իրականացնի կառավարությունը բարձրագույն կրթության ոլորտում, հետապնդում է մի նպատակ. բուհերը դարձնել արդյունավետ: Ըստ վարչապետի` դրան նպաստելու է նաև բուհերի խոշորացումը. «Միջազգային փորձագետները, որոնք ուսումնասիրել են մեր կրթական համակարգը, միանշանակ եկել են այն եզրակացության, որ փոքր համալսարանները չունեն բավարար ենթակառուցվածքներ, որի շնորհիվ կարող ենք ստեղծել կրթական միջավայր և հնարավորություն տալ, որպեսզի ստանան պատշաճ կրթություն: Կրթություն տալու հնարավորություններն ավելի արդյունավետ կառավարելու և ձևավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետական բուհերի բնագավառում իրականացնենք խոշորացում, միաձուլումներ»:

Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ ուսանողները դրանից բացարձակապես չեն տուժելու, որևէ ուսանող չի զրկվելու ուսումը շարունակելու հնարավորությունից: «Մենք բնականաբար կուսումնասիրենք, թե Վանաձորում ինչ հարցեր են բարձրացնում, ինչը նրանց չի գոհացնում: Բայց ուսանողների համար մենք ստեղծելու ենք ավելի բարենպաստ միջավայր և ավելի էֆֆեկտիվ բուհեր ենք ունենալու: Գնալու ենք խոշորացման ճանապարհով»,- հայտարարեց նա:

Էդմոն Մարուքյանն իր մտահոգությունը հայտնեց, որ հանրային լսումներ չեն կազմակերպվել. «Ես մամուլից եմ իմանում, որ Վանաձորի բուհը լուծարվելու է: Լավ կլիներ, որ նպատակահարմարությունը քննարկվեր»: Նա ևս մեկ անգամ պնդեց իր հարցադրումը, թե ինչպես է լինելու դասախոսների և շինությունների հետագա հարցը:

Նախ վարչապետ պնդեց, որ հարցը մանրամասն քննարկվել է, բոլոր շահագրգիռ կողմերին նախարարությունը հրավիրել է:

Նա անպատասխան թողեց դասախոսների և շինությունների վերաբերյալ հարցը, փոխարենը խոստացավ, որ կհանձնարարի ԿԳ նախարարին, որ ևս մեկ անգամ քննարկում կազմակերպի, վանաձորցիներին մտահոգող բոլոր հարցերին տա սպառիչ պատասխան, նաև թե ինչպիսին է լինելու դասախոսական կազմի ապագան, շենք-շինություններն ինչպես են տնօրինվելու, միացումներն ինչպես են տեղի ունենալու և այլն:

Նախորդիվ`

Վանաձորի մանկավարժականը և ՀՊՃՀ մասնաճյուղը միավորելու նախագիծ. «Այդ արհեստական միացումը ճիշտ չէ»

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Պոլիտեխնիկի մասնաճյուղի միավորումը. Ո՞ր փուլում է հարցը

Placeholder
Վարչապետն անդրադարձավ Վանաձորի մանկավարժականի և ՀՊՃՀ մասնաճյուղի միացման շուրջ դժգոհություններին