Հայոց լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներ դեռ չեն ուղարկվել
Կրթություն, գիտություն
08:00 13/11/2013

Հայոց լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներ դեռ չեն ուղարկվել

Վրաստանի հայկական դպրոցներ Հայոց լեզվի և գրականության դասագրքերի առաքումը դարձյալ ձգձգվում է: Կազմակերպչական հարցեր կան, որոնք Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը լուծում է, ինչից հետո արդեն գրքերը կառաքվեն:

Հումանիտար բեռ ձևակերպելու նպատակով Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև երկու ամիս տևած նամակագրությունն ավարտվել էր նախորդ շաբաթ, նախատեսվում էր, որ արդեն այս շաբաթ գրքերը պետք է առաքվեին:

ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ բեռը միջազգային է ու սահման է հատելու, պետք է մաքսային ձևակերպում արվի, ինչպես նաև ԿԳՆ-ն պետք է գտնի կազմակերպություն, պայմանագիր կնքի, որից հետո կառաքի գրքերը:

«Նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, հենց որ մենք գտանք այդ կազմակերպությունը, լուծեցինք կազմակերպչական հարցերը, կուղարկենք: Պարզապես, քանի որ երկու գերատեսչություններ են աշխատում, կազմակերպման հարցեր կան: Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկզբում երկու ամիս ժամանակ խնդրեց, որ հումանիտար բեռը ձևակերպի, այժմ արդեն մենք ենք աշխատանքներ տանում»,- ասաց Նունե Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ գրքերն արդեն պատրաստ են, առանձնացված են: Նունե Վարդանյանը նաև հայտնեց, որ ամենաուշը մինչև նոյեմբերի վերջ գրքերը կհասնեն վրացահայ աշակերտներին: «Կաշխատենք հնարավորինս արագ, մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս արագ ուղարկվեն գրքերը: Շատ ենք ուշացրել, բայց մի շաբաթ, տասը օր կպահանջվի կարծում եմ»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետը:

Հավելենք, որ կրթական տարին Վրաստանի դպրոցներում ազդարարվել էր սեպտեմբերի 16-ից, իսկ ավելի վաղ ՀՀ ԿԳՆ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ սպասում են Վրաստանի կրթության և գիտության նախարարության պատասխանին, որպեսզի այդ գրքերն առաքեն Վրաստանի տարածք:

Նախորդիվ`

Հայոց լեզվի և գրականության դասագրքերը մեկ շաբաթից վերջապես կհասնեն Ջավախք

Վրացահայ աշակերտները մեկուկես ամիս է սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերին

Placeholder
Հայոց լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներ դեռ չեն ուղարկվել