Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սարգիս Տխրունի». Ուսման վարձերը բարձրացրել են, որ աղքատներն ավելի աղքատանան, հարուսները՝ ավելի հարստանան
Բարձրագույն կրթական հաստատություններում անվճար սովորող ուսանողների 80 տոկոսը չի շարունակի ուսումը, եթե տեղափոխվի վճարովի համակարգ: Նման պատկեր են ցույց տվել սոցիոլոգիական հարցումները, որ կատարել են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը և Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:
Վարձավճարները բարձրացրած հինգ բուհերի 200 ուսանողների շրջանում անցկացված սոցհետազոտության արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը և Մանկավարժական համալսարանի ուսանող Շուշանիկ Խաչատրյանը:
Ըստ նրանց՝ Մանկավարժական համալսարանում պատկերը դրական է, վարձերը չեն փոխվել: «Մեր պետությունը, այն կառույցները, որ թանկացումներ են անում, չեն հաշվի առնում ընտանեկան զամբյուղը: Մեր ծնողները ստիպված գնում են արտերկիր աշխատելու, մինիմում մոտ 45 հազար է աշխատավարձը, ընտանիքի միջին ծախսը՝ 60 հազար դրամ»,- ասաց Վարազդատ Եղիազարյանը:
Նա ընդգծեց, որ վարձավաճարները բուհերը պետք է իջեցնեն. «Աշխատավարձերի բարձրացում չկա, կրթամակարդակի բարձրացում չկա: Ուսման վարձերը բարձրացրել են, որ աղքատներն ավելի աղքատանան, հարուսները՝ ավելի հարստանան»:
Շուշանիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հարցվածների 10%-ը սովորում է անվճար, 90%-ը վճարովի համակարգում, իսկ 2-3 %-ը օգտվում է զեղչերից: «Անվճարների 80%-ը նշել է, որ եթե տեղափոխվի վճարովի համակարգ չի շարունակի ուսումը: Հարցմանը մասնակցած ուսանողների միջին ընտանիքների միջին բյուջեն 80 հազար դրամից ցածր է, իսկ ուսմանը հատկացվող ծախսերը կազմում են 50-60 հազար դրամ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ միայն 0,1%-ն է նշել, որ սոցիալական վիճակը բաձր է, իսկ մյուսների մոտ միջին և միջինից ցածր է:
Վարազդատ Եղիազարյանն էլ նշեց, որ կառավարությունից 50% սուբսիդավորում են պահանջում՝ մարզերից եկած ուսանողների, սոցիալապես անապահովների համար, նրանք պատաստվում են գրավոր առաջարկ ներկայացնել տարբեր ատյաններ: