Դավութօղլու. «Հայ-թուրքական կարգավորման գործընթացը շարունակվում է, արձանագրությունները դեռ խորհրդարանում են»
Քաղաքական
11:38 19/11/2013

Դավութօղլու. «Հայ-թուրքական կարգավորման գործընթացը շարունակվում է, արձանագրությունները դեռ խորհրդարանում են»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն վաշինգտոնյան հանդիպումների շրջանակում ելույթ է ունեցել աշխարհում ամենահեղինակավոր վերլուծական կենտրոն ճանաչված «Brookings» ինստիտուտի ամբիոնից: Ի թիվս այլ խնդիրների` Դավութօղլուն անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքական ուղեգծին:

Ինչպես հայտնում է թուրքական «Ռոթահաբեր» լրատվական կայքը, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքական ռազմավարությունում նախապատվություն է տալիս ոչ թե «բարեկամ-թշնամի», այլ «բարեկամ-պոտենցիալ բարեկամ» մոտեցմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հնչեցված հարցին ի պատասխան Դավութօղլուն տեղեկացրել է, որ կարգավորման գործընթացն ըստ էության դեռ շարունակվում է, իսկ արձանագրություններն էլ դեռ խորհրդարանում են: Նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը երեք կարևոր հանգամանքներով է պայմանավորված, Դավութօղլուն մանրամասնել է.

Առաջին` Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հարգանքի մեջ կողք կողքի ապրող հարևան երկրներ լինելը:

Երկրորդ` Թուրքիայի և հայերի (այդ թվում և հայկական սփյուռքի) միջև եղած պատմական խնդիրների լուծումը:

Երրորդ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը:

Ահմեթ Դավութօղլուն ներկաներին հավաստիացրել է, որ պահպանվում է Թուրքիայի մեծ ցանկությունը` կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Placeholder
Դավութօղլու. «Հայ-թուրքական կարգավորման գործընթացը շարունակվում է, արձանագրությունները դեռ խորհրդարանում են»