Մանրամասներ Լավրով-Նալբանդյան հանդիպումից.Պուտինի այցի ժամանակ կստորագրվեն երկկողմ պայմանագրեր
Քաղաքական
11:13 19/11/2013

Մանրամասներ Լավրով-Նալբանդյան հանդիպումից.Պուտինի այցի ժամանակ կստորագրվեն երկկողմ պայմանագրեր

«Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։ Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը» Մոսկվայում կայացած Հայաստանի ու ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկալ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո՝ բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և այս հանդիպումը հնարավորություն է տվել անդրադառնալու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցերին։

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ Զրուցակիցները արծարծել են Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկել են երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում համագործակցության հարցերը: Այս համատեքստում նախարար Լավրովը շնորհավորեց Եվրախորհրդում Հայաստանի արդյունավետ նախագահության կապակցությամբ։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱԳՆ-երի միջև 2014-2015 խորհրդատվությունների ծրագրի մշակման և ստորագրման մասին:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։
ԱԳՆ վարչությունից մանրամասնում են, որ հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել բանակցային գործընթացում Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Երկուստեք կարևորվել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։

Նախարարները մտքեր են փոխանակել տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։

Նախորդող լուրեր`

Մոսկվան հիշեցնում է՝ ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

ՌԴ նախագահը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին. նախապատրաստություններ

Placeholder
Մանրամասներ Լավրով-Նալբանդյան հանդիպումից.Պուտինի այցի ժամանակ կստորագրվեն երկկողմ պայմանագրեր