Որքա՞ն կձգվի վիեննական լավատեսությունը
Քաղաքական
19:41 19/11/2013

Որքա՞ն կձգվի վիեննական լավատեսությունը

 Շուրջ երկամյա դադարից հետո նախագահների մակարդակով երկխոսության մեկնարկը, կարծես, հաջող է ստացվել: Համենայնդեպս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության  մեջ լավատեսության տարրեր կան: Միջնորդները տեղեկացրել են, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել հանդիպումները և ակտիվացնել բանակցային գործընթացը:

Այդ լավատեսության հիմքերը մատնանշելը դժվար է, եթե հաշվի առնենք, որ համանախագահների վերջին տարածաշրջանային այցից հետո արված հայտարարությամբ կողմերին, ըստ էության, կոչ էր արվում պահպանել հրադադարի ռեժիմը, մինչդեռ անգամ այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանից տեղեկություններ էին ստացվում ադրբեջանական կողմի ոտնձգությունների մասին:

Միջնորդների լավատեսության առումով ուշագրավ է նաև այն պրակտիկան, որ նրանք ունեցել էին 2010 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում, երբ Իլհամ Ալիևը նախատեսվածից շուտ հեռացել էր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից, և նույն գիշերը ԼՂՀ հետ շփման գծում մինչ այդ նախադեպը չունեցած սադրանք էր  տեղ գտել, չնայած որ Պետերբուրգում էլ Ալիևը լավատես լինելու առիթ տվել էր:

Այդուհանդերձ լավատես լինելու որոշակի պատճառ կա: Մարդասպան Սաֆարովին կոչում շնորհած, և մտավորական Այլիսլիից կոչումը հետ վերցրած Ալիև կրտսերն այլևս «նախկինը չէ». 2013-ին Վիեննայում հայտնված Իլհամին 2010-ի Սանկտ Պետերբուրգից բաժանում են այս տարի կայացած նախագահական ընտրությունները, նաև Սաֆարովն ու Այլիսլին: Հավանաբար, սրանով կարելի է բացատրել Սերժ Սարգսյանի բարձր տրամադրությունը հանդիպմանը նախորդած արարողակարգային տեսանկարահանման ժամանակ (տես տեսանյութը) և «նորմալ» գնահատականը  ՝ հանդիպմանը հաջորդած ռեպլիկում:

Ի դեպ, պաշտոնական Բաքուն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել:

Հեղինակ` Արմեն Մինասյան

Placeholder
Որքա՞ն կձգվի վիեննական լավատեսությունը