Ա. Սուքիասյան. Հայկական կողմը պնդում է, որ կարտոֆիլի փորձաքննությունն իրականացվի երրորդ երկրում
Տնտեսություն
12:16 20/11/2013

Ա. Սուքիասյան. Հայկական կողմը պնդում է, որ կարտոֆիլի փորձաքննությունն իրականացվի երրորդ երկրում

Այս պահին հայ-վրացական սահմանին՝ Սադախլո անցկետում 14 բեռնատարներ՝ մոտ 350 տոննա բեռով սպասում են կարտոֆիլի՝ վրացական կողմի իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը: Նա սխալ ինֆորմացիա է որակում տեղեկությունները, թե 17 բեռնատարի կարտոֆիլ վերադարձվելու է Հայաստան:

Ա. Սուքիասյանի խոսքով, վրացական կողմի՝ Հայաստանից արտահանված կորտոֆիլը գորշ փտումով վարակված լինելու և հետ վերադարձնելու մասին տարածած տեղեկություններից հետո ծառայության պետը խոսել է Վրաստանի ԳՆ պարենի ազգային գործակալության ղեկավարի հետ, իսկ բուսասանիտարիայի տեսչության պետը խոսել է վրացի իր պաշտոնակցի հետ:

«Քանի որ վրացական կողմը կամայական գործողություն է արել, հայկական կողմը պնդում է, որ կարտոֆիլի լաբորատոր փորձաքննությունն իրականացվի երրորդ երկրում՝ երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրենք ասել են, մենք համաձայն ենք, մնում է՝ ի կատար ածվի»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը, ավելացնելով, որ հավանաբար փորձաքննությունը կիրականացվի Ռուսաստանում:

Ծառայությունից վստահեցնում են, որ գորշ փտում հիվանդություն Հայաստանում ընդհանրապես չկա: Նախորդ անգամ էլ 50 տոննա հետ ուղարկված կարտոֆիլը Հայաստանում կրկնակի նմուշառման է ենթարկվել, լաբորատոր հետազոտության ենթարկվել, սակայն պարզվել էր, որ կարտոֆիլը վարակված չէ:

Նախորդող հրապարակումներ՝

Բախչագուլյանի այցն արդյունք չտվե՞ց. Ծառայությունը դեռ հայտարարություն կանի

Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»

 

 

Placeholder
Ա. Սուքիասյան. Հայկական կողմը պնդում է, որ կարտոֆիլի փորձաքննությունն իրականացվի երրորդ երկրում