Ղուկասյանները դժգոհ են Գյումրիում հյուրանոցային բիզնեսից և նորն են սկսում. Հարցազրույց
Հարցազրույցներ
11:00 22/11/2013

Ղուկասյանները դժգոհ են Գյումրիում հյուրանոցային բիզնեսից և նորն են սկսում. Հարցազրույց

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքը Գյումրիում նոր բիզնես է սկսում. Ղուկասյանները զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը:

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Գևորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը և ավելին, Հայաստանից արդեն հեռացել են նրա որդին ու հարսը: Հայաստանից հեռանալուց առաջ, ըստ թերթի, Գևորգ Ղուկասյանը վաճառում է տանն ունեցած ապրանքը, մասնավորապես գորգերը:

Փորձեցինք հենց Գևորգ Ղուկասյանից հասկանալ` արդյոք իսկապե՞ս պատրաստվում է արտագաղթել Հայաստանից.

-Պարոն Ղուկասյան, մամուլը գրում է, որ հեռանում եք Հայաստանից ու այդ պատճառով էլ վաճառում եք Ձեր իրերը:

-Չէ-չէ նման բաներ չկան, սուտ են այդ տեղեկությունները, աղջիկ ջան: Սուտ է, սուտ է:

-Ասում են՝ գորգեր ու հատկապես ուղեգորգեր եք վաճառում:

-Գորգն ի՞նչ բան է, ես ընդհանրապես... դաժե տունն էլ գորգ չունեմ: Ինչ գորգ, ով է ըդման բան ասում:

-Նաև գյումրեցիներն ասում են, որ Ֆրանսիայում բիզնես ունեք:

-Ֆրանսիայում չէ, Ռուսաստանում: Էս ինչ լուրեր են տարածվել, չի կարելի չէ՞ մարդու կյանքի մեջ մտնել, ես ոչ պրեզիդենտ եմ, ոչ վարչության պետ, ոչ կագեբեի պետ եմ, որ ինձանով հետաքրքրվում եք:

-Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայրն եք, որի մասին Գյումրիում ասում են, արտագաղթում է:

-Է ի՞նչ կապ ունի: Նախկին քաղաքապետը եղբայրս է եղել, շատ լավ տղա է, լավ աշխատել է, ես նրանից գոհ եմ: Մենք էլ մեր կյանքով ապրում ենք էլի, աղջիկ ջան: Դուք կարող եք սիրուն հարցերով զբաղվեք էլի:

-Ի՞նչ հարցերով եք առաջարկում զբաղվենք:

-Էս ժողովրդի սոցիալական ծանր վիճակով: Ի՞նչ է լինում, էս ինչի՞ է էսպես լինում: Դատարկվում է Հայաստանը, Գյումրին, ինչի՞ է դատարկվում: Օրինակ, մենք հիմա աշխատատեղ ենք ստեղծում, աշխատում ենք, կաթնամթերքի փոքրիկ գործարան ենք ստեղծում:

-Աշխատատեղ եք ստեղծում և ասում եք, որ Գյումրին դատարկվում է:

-Դե, տեսնում ես: Շատ եմ զգում, որ դատարկվում է, ահավոր վատ ձևի դատարկվում է, արագ տեմպերով է դատարկվում: Դա շատ վատ է, շատ եմ ցավում դրա համար:

-Ինչո՞ւ են գնում, պարոն Ղուկասյան:


-Դե, հնարավորություն չունեն ապրելու ժողովուդը:

-Բայց ասում եք աշխատատեղ եք ստեղծում:

-Դե, մեզանով շատ քիչ է: Վատն էն է, որ երիտասարդներն են գնում, որովհետև ստեղ աշխատանք չկա: Շատերը գնում են ու Գյումրին դատարկվում է: Շատ վատ է վիճակը, ահավոր վատ է:

-Հնարավո՞ր է, որ մի օր էլ դուք էդպես գնաք, պարոն Ղուկասյան:

-Ինչի՞ չէ, հնարավոր է:

-Այսինքն, չեք բացառում, որ մի օր Ձեր ընտանիքով հեռանաք Հայաստանից:

-Այո, մեկ էլ տեսար գնացինք, ինչ կա որ: Բայց հետո էլ մտածում եմ՝ մեր երկիրն ո՞ւմ թողնինք, մեր կառուցածն ո՞ւմ թողնինք, մեր եկեղեցին ու գերեզմանը ո՞ւմ թողնինք: Ջղայնացած խոսում ենք: Պիտի մնանք, մնում եմ, ես մնում եմ՝ իմ ընտանիքը, իմ երեխեքը, իմ թոռնիկները, կինս: Գնանք դուրս բաներ անենք, փող բերենք Հայաստան: Ոչ թե Հայաստանից փող տանենք դուրս, այլ դրսից փող բերենք Հայաստան:

-Ստացվո՞ւմ է:

-Հա, մենք մեր բիզնեսով ենք փոքր-ինչ զբաղվում, ուզում ենք մեր կաթնամթերքի արտադրանքը առաքենք Ռուսաստան, որպեսզի գումարները գան Հայաստան:

-Մի բան չեմ հասկանում՝ սկզբում ասում եք, որ հնարավոր է՝ գնաք Հայաստանից, հետո ասում եք՝ չեք գնա, բիզնես եք սկսում: Ինչպե՞ս հասկանանք:

-Բիզնես ենք դնում ու մնալու ենք: Բայց ով գիտե, կյանք է էլի, չես կարող ռեալ ասել: Մեր մտքին չկա դուրս գնալ, եթե գնանք, մեզ հետ շատ-շատ մարդ դուրս կգնա՝ թաղի ժողովուրդ, հարևաններ, բարեկամներ, ընկերներ: Մեզ հետ հույսեր են կապում մարդիկ:

-Բիզնեսը Ձեր եղբոր՝ նախկին քաղաքապետի հե՞տ եք սկսում, թե՞ միայնակ:

-Մենք իրար հետ ենք բիզնեսի մեջ:

Ղուկասյաններն ինչքա՞ն բիզնես ունեն Գյումրիում:

-(Ծիծաղում է). ըդպես շատ բաներ չունենք, չափված-ձևած աշխատում ենք:

-Հսկա հյուրանոց ունեք, օրինակ:

-Է, ինչ: Շենքը կա, ժողովուրդ չկա, տուրիստը չկա: Վնասով է աշխատում: Լավ չեն գործերը:

-Ղուկասյանները Գյումրիի խոշոր գործարարների՞ց են:

-Ոչ-ոչ-ոչ, միջին: Իսկ խոշոր գործարար Գյումրիում չեմ տեսնում, չկա: Մեծ բիզնեսի համար, մեծ գործարաններ են պետք: Ստեղ սաղ փոքր ու միջին բիզնես է: Գյումրու մեջքը կոտրվեց երկրաշարժից հետո:

-Այս քաղաքապետը չի՞ ուղղում Գյումրիի մեջքը, ինչպես դուք եք ասում:

-Այս քաղաքապետը լավ գծերն է փոխում, իր ավտոբուսներն է բերում-շարում: Մարդկանց սխալ է հանում, մարդկանց հացն է կտրում, նա ինչ լավ բան է արել որ կյանքի մեջ: Էդ ասֆալտապատումն էլ կառավարությունն է անում:

-Վերջերս մամուլում տեղեկություններ կային, որ մտադիր են Գյումրին դարձնել փակ քաղաք: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

-Նախկինում քաղաքը փակ եղել է, հետո բողոքարկեցին ժողովուրդը, թե աղջիկները տունն են մնում, չեն կարողանում ամուսնանալ: Ըդպես նման բաներ պատճառաբանեցին, բացվեց քաղաքը: Հիմի նորից ինչի՞ համար է փակվում, վայրենի՞ ենք, գազա՞ն ենք: Ինչի՞ են փակում քաղաքի դռները, թող բացեն, աշխատատեղեր ստեղծեն: Ըդպես չէ՞ աղջիկ ջան:

Placeholder
Ղուկասյանները դժգոհ են Գյումրիում հյուրանոցային բիզնեսից և նորն են սկսում. Հարցազրույց