Աբովյանցի կինը իր 4 երեխաներին դրդել է մուրացկանության, դատապարտվել 3 տարով ու…համաներվել
Իրավունք
10:39 25/11/2013

Աբովյանցի կինը իր 4 երեխաներին դրդել է մուրացկանության, դատապարտվել 3 տարով ու…համաներվել

41-ամյա Աբովյան քաղաքի բնակիչ Աղավնի Ներսիսյանը տուբերկուլյոզով հիվանդ է, նրա 4 երեխաներից երկուսը` 12-ամյա Սիրանուշը և 5-ամյա Արսենը տառապում են էպիլեպտիկ հիվանդությամբ: Բայց դա չի խանգարել մորը նրանց ու մյուս երկու երեխաներին`14 տարեկան Ռուզաննային ու 11-ամյա Իսպիրին ստիպել մուրացկանությամբ զբաղվել:

Իրավապահ մարմինները հայտնաբերել են նրան ու քրեական գործ հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «երկու կամ ավելի անձանց նկատմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատաքննության ընթացքում պարզել է, որ Աղավնի Ներսիսյանը և մինչև ամուսնանալը, և դրանից հետո զբաղվել է մուրացկանությամբ: 1997.-ին ամուսնացել է Արմեն Ղավալյանի հետ և չնայած իրենց սոցիալական ծանր կյանքին, ունեցել են չորս երեխաներ: Նրանց բոլորի նկատմամբ հայրը չի ճանաչել հայրությունը, և երեխաները ստացել են մոր ազգանունը: Ամուսիններ Աղավնի Ներսիսյաննն ու Արմեն Ղավալյանը տարիներ շարունակ չկարողանալով գոնե մինիմալ վաստակել և նվազագույն պայմաններ ապահովել ընտանիքում իրենց երեխաների կենսամակարդակի համար, դա փորձել են ապահովել իրենց իսկ երեխաների առողջությունը և բարոյահոգեբանական զարգացումը վտանգելով:

Մուրացկանություն անելիս Աղավնին պարբերաբար, դեռևս մանուկ հասակից, ներգրավվել է իր երեխաներին, քանի որ այդ կերպ մարդկանց մոտ առաջացրել է խղճահարություն, ինչի արդյունքում կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ:

Էպիլեպտիկ հիվանդությամբ տառապող Սիրանուշն ու Իսպիրը վերջին 2 տարիներին զբաղվել են մուրացկանությամբ և ավելին, շահագործվել են իրենց մորեղբոր ու նրա կնոջ կողմից: Իսկ Աղավնին շարունակել է իր հետ մուրացկանության տանել Ռուզաննային և Արսենին:

Վերջին շուրջ 5 տարիներին Ռուզաննան, Սիրանուշը և Իսպիրը սովորել են Աբովյանի հատուկ գիշերօթիկ դպրոցում, որտեղ ապրել են երկուշաբթիից ուրբաթ օրերը: Այդ ընթացքում մայրը իր հետ մուրացակնության է տարել 5-ամյա Արսենին, իսկ ուրբաթ-կիրակի օրերին` մյուս երեխաներին: Մուրացկանությամբ այս ընտանիքը զբաղվել են Աբովյանի ու Երևանի տարբեր վարչական շրջանների մարդաշատ վայրերում:

Դատարանում Աղավնին ընդունել է մեղադրանքը և իրեն լիովին մեղավոր ճանաչել, ասել, որ անկեղծորեն զղջում է կատարվածի համար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օրերս կայացրած վճռով 3 տարվա ազատազրկման է դատապարտել Աղավնի Ներսիսյանին: Սակայն, միևնույն ժամանակ, դատարանը Աղավնիի նկատմամբ կիրառել է համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Placeholder
Աբովյանցի կինը իր 4 երեխաներին դրդել է մուրացկանության, դատապարտվել 3 տարով ու…համաներվել