Լ. Հովսեփյան. Իրանի և Արևմուտքի հարաբերությունների հեռանկարը ներքուստ անհանգստացնում է Թուրքիային
Քաղաքական
14:35 27/11/2013

Լ. Հովսեփյան. Իրանի և Արևմուտքի հարաբերությունների հեռանկարը ներքուստ անհանգստացնում է Թուրքիային

Իրանի և «վեցյակի» միջև կայացած բանակցություններն ու ձեռք բերված համաձայնությունը կարող են որոշակիորեն փոխել տարածաշրջանում ընթացող զարգացումները: Թեև ձեռք բերված համաձայնությունն ամբողջական չէ և նախնական է, այդուհանդերձ, Իրանի նկատմամբ արգելանքների ու պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն կմեծացնեն Իրանի դերակատարությունը տարածաշրջանում: Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ըստ նրա` այդ համաձայնության կայացումը կարող է բարենպաստ չլինել Թուրքիայի համար, քանի որ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները էականորեն սահմանափակում էին այդ երկրի ազդեցությունը, փոխարենը Թուրքիան, որպես Արևմուտքի դաշնակից, լուրջ առավելություններ էր ստանում: Բացի այդ, իրանական միջուկային ծրագրի հետ կապված Թուրքիան միջազգային հարթակում բարձրացրեց իր դիվանագիտական կշիռը և իմիջը՝ հանդես գալով տարբեր միջնորդական նախաձեռնություններով: Ներկայում և արդեն հետագայում Իրանի ու Արևմուտքի միջև ուղղակի բանակցություններով սահմանափակվում են նաև Անկարայի այդ հնարավորությունները:

«Պաշտոնական Անկարան ընդհանուր առմամբ դրականորեն գնահատեց ձեռք բերված համաձայնությունը, սակայն, կարծում եմ, որ Իրանի և Արևմուտքի միջև դիմակայությունը բարենպաստ էր Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների տեսանկյունից: Տարածաշրջանում Իրանի հետ մրցակցային հարաբերություններում գտնվող Թուրքիան առավելություններ է ապահովում: Հետագայում Իրան-ԱՄՆ կայուն գործընկերային հարաբերությունների հաստատման հեռանկարը կարող է անհանգստացնել Անկարային»,- ասաց Լ. Հովսեփյանը:

Placeholder
Լ. Հովսեփյան. Իրանի և Արևմուտքի հարաբերությունների հեռանկարը ներքուստ անհանգստացնում է Թուրքիային