Լեգենդար ջութակահար Մաքսիմ Վենգերովն ուրախությամբ է ընդունել Հայաստանում ելույթ ունենալու հրավերը
Մշակույթ
14:40 27/11/2013

Լեգենդար ջութակահար Մաքսիմ Վենգերովն ուրախությամբ է ընդունել Հայաստանում ելույթ ունենալու հրավերը

«Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ: Ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու դաշնակահար Վահագն Պապյանի հետ: Հետաքրքիր ծրագիր ենք ներկայացնելու: Հույս ունենք, որ հանդիսատեսին դուր կգա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեգենդար ջութակահար Մաքսիմ Վենգերովը:

Լեգենդար ջութակահար Մաքսիմ Վենգերովը Հայաստանում առաջին անգամ է ելույթ ունենալու: Համերգը կայանալու է վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարի շրջանակում: Ջութակահարի հետ ելույթ է ունենալու նաև դաշնակահար Վահագն Պապյանը: Ծրագիրը բավականին հագեցած է` Բախ, Ֆրանկ, Բրամս, Դվորժակ, Վենյավսկի, Կրայսլեր, Պագանինի և այլն:

Սա արվեստագետի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացել է որպես դիրիժոր:

«Մեծ ուրախությամբ ընդունեցի Հայաստանում ելույթ ունենալու առաջարկությունը: Գնահատում եմ ձեր ներդրումը համաշխարհային մշակույթի բնագավառում»,- ասաց Մ. Վենգերովը: Նա նշեց, որ իր և Վահագն Պապյանի համագործակցությունը երկու տասնամյակի պատմություն ունի:

«Երկար սպասված համերգ է: Այսպիսի մարդիկ բարի դեսպաններ են ամբողջ աշխարհում»,- ասաց փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկել է Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիշարժան համերգով, և շարունակաբար ներկայացրել այլ իրադարձային համերգներ, որոնց թվում էին Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբը, Հորտուս Մուզիկուս անսամբլը, ինչպես նաև Յուրի Բաշմետը և Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» քառյակը, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը և դիրիժոր Ստեփան Վիլլիխը:

Նշենք, որ փառատոնը 2008թ. անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաև մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

 

Placeholder
Լեգենդար ջութակահար Մաքսիմ Վենգերովն ուրախությամբ է ընդունել Հայաստանում ելույթ ունենալու հրավերը