«Էյր Արմենիա». Մեկ ամսում մեր սպասելիքները լիովին արդարացել են
Տնտեսություն
12:32 28/11/2013

«Էյր Արմենիա». Մեկ ամսում մեր սպասելիքները լիովին արդարացել են

Արդեն մեկ ամիս է, ինչ Air Armenia ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր ուղևորային չվերթներ մի քանի ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Կրասնոդար, Սոչի և Դոնի Ռոստով:

Ընկերության հիմնադիր Վահան Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած մրցակցությունը մեծ է, սակայն բարձր որակի ծառայությունների մատուցման ու ցածր գների շնորհիվ իրենց հաջողվում է լավ արդյունքներ գրանցել:

«Մեր հաճախորդներից ստացվող կարծիքները դրական են, ինչը մեզ ոգեշնչում է էլ ավելի մեծ եռանդով զարգացնել ծառայությունների որակը, ավելացնել չվերթների ուղղությունները»,-ասաց Վ. Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենց սպասելիքները լիովին արդարացվել են: «Մենք գիտակցում էինք, որ բոլոր ուղղություններով լինելու էր բարձր մրցակցություն և նախապատրաստված էինք դրան: Կարծում եմ, որ արժանի մրցակից ենք օտարերկրյա փոխադրողներին, որոնք շուկայում գործում են տարիներ շարունակ»,-ասաց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 11-ից սկսած ամեն չորեքշաբթի ավիաընկերությունը պարբերական չվերթներ կսկսի իրականացնել Երևան-Նիժնի Նովգորոդ- Երևան ուղղությամբ, բացի այդ ինքնաթիռի պարկի համալրումը կշարունակվի նաև հաջորդ տարի:
Վ. Հարությունյանի խոսքով, ընկերության մուտքը շուկա բերել է տոմսերի գների նվազմանը:

Ավիաընկերության հիմնադիրը կարևորում է շուկայում հայաստանյան փոխադրողի առկայությունն ու գործունեությունը:  «Այս կարճ ժամանակվա փորձը ցույց է տալիս, որ այն կարող է տալ իր արդյունքները, հուսով եմ, որ մեր հայրենակիցներն ավելի կնախընտրեն ճամփորդել հայաստանյան փոխադրողի միջոցով»,-ասաց նա:

Նշենք, որ ընկերությունը մինչև 32 կգ անվճար ուղեբեռի հնարավորություն է տալիս, ևս 8 կգ ձեռքի ուղեբեռ: Մանկական սայլակը ուղեբեռում չի համարվի առանձին կտոր կամ հավելյալ քաշ, թույլատրվում է մանկական ցանկացած (հեղուկ) ուտելիքի փոխադրում:

Նախորդող հրապարակումներ`

Վահան Հարությունյան. «Էյր Արմենիա»-ն ձգտելու է անել ամեն ինչ, որպեսզի ուղևորները ստանան բարձրակարգ ծառայություններ

«Հարսնացուն Ռոստովից». Նրանց հարսանիքը սկսեց «Էյր Արմենիա»-ի ինքնաթիռում (Տեսանյութ) 

Placeholder
«Էյր Արմենիա». Մեկ ամսում մեր սպասելիքները լիովին արդարացել են