Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիտվայի նախագահ և ԵՄ-ում ներկայումս նախագահող Դալյա Գրիբաուսկայտեն մինչ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի մեկնարկը հարցազրույց է տվել Euronews լրատվական գործակալությանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:
Euronews. Տիկին նախագահ, կարո՞ղ եք հավատալ, որ կլինի հրաշք, և Ուկրաինան Վիլնյուսում կստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը:
Գրիբաուսկայտե. Վաղ թե ուշ Ուկրաինան կստորագրի, ես հուսով եմ: Բայց պարտադիր չէ հենց Վիլնյուսում: Ամեն ինչ կախված կլինի միայն ուկրաինական կառավարությունից:
Euronews. Տիմոշենկոյի հարցը կրկի՞ն բանակցությունների սեղանին է: Կարո՞ղ է ԵՄ-ն ստորագրել ասոցացման համաձայնագիրն առանց Տիմոշենկոյի ազատման:
Գրիբաուսկայտե. Մենք ունենք ուկրաինական կառավարության ծանուցում, որ ստորագրումը հետաձգվում է: Այդ պատճառով այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են Տիմոշենկոյին կամ տնտեսությանը, սեղանին չկան:
Euronews. Վերջին իրադարձությունների հետևանքով ուկրաինական կառավարությունը կորցնու՞մ է վստահությունը ԵՄ-ի մոտ:
Գրիբաուսկայտե. Ըստ իս մենք կարող ենք մասամբ այդպես ասել, որովհետև այս բոլոր տարիների ընթացքում ընթանում էին հաջող բանակցություններ: Ուկրաինան իրագործել է հսկայական ռեֆորմներ, որոնք առաջին հերթին օգտակար են հենց իր համար: Եվրոպան մինչ վերջին վայրկյանը պատրաստ էր ճանաչել այդ բարեփոխումները որպես հաջողված: Բայց, անկասկած, ստորագրման հետաձգման մասին ուկրաինական կառավարության և ղեկավարության որոշումը կայացվել է իրենց լիակատար իրավասության շրջանակներում:
Euronews. Կարո՞ղ ենք խոսել Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաջողության մասին:
Գրիբաուսկայտե. Ես չեմ ուզում քննարկել երրորդ երկրի մասնակցությունը այս հարցին: Մենք այժմ խոսում ենք Ուկրաինա-ԵՄ հարաբերությունների մասին, Արևելյան գործընկերության մասնակից երկրների մասին: Այսօր և վաղը մենք չենք խոսում երրորդ երկրների մասին:
Euronews. Ուկրաինայի համար ե՞րբ կլինի հաջորդ հնարավորությունը ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը:
Գրիբաուսկայտե. Կա վտանգ, որ տպավորություն է ստեղծվել, իբրև ԵՄ-ն զգում է ինչ-որ հոգնածություն Ուկրաինայի հետ հարաբերությունների մեջ: Միայն ուկրաինական կառավարությունը կարող է որոշել` ինչ է նա ցանկանում: Եվրոպական միությունը հիմնված է ազատ ընտրության վրա: Ոչ ոք այստեղ չի ստիպի Ուկրաինային անել ինչ-որ բան շանտաժի կամ ճնշումների գնով, եթե Ուկրաինան չի ուզում դա:
Euronews. Տիկին նախագահ, դուք անձնապես հավատու՞մ եք, որ Ուկրաինան կստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը:
Գրիբաուսկայտե. Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան` եվրոպական երկիրը, կհայտնվի Եվրոպայում: Իսկ ուկրաինական ժողովուրդը իրավունք ունի որոշել` ինչ կառավարություն է ինքն ուզում և որ կառավարությունը դա կանի: