Ռոհանի. «Վեցյակի» հետ համաձայնությունը կամրապնդի Իրան-ԱՄԷ հարաբերությունները
Քաղաքական
19:30 29/11/2013

Ռոհանի. «Վեցյակի» հետ համաձայնությունը կամրապնդի Իրան-ԱՄԷ հարաբերությունները

 «Վեցյակի» հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կամրապնդի Իրան-ԱՄԷ հարաբերությունները: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄԷ-ի ԱԳ նախարար Շեյխ Աբդուլա բին Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյան Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարի խոսքով, համաձայնությունը տարածաշրջանում համագործակցության նոր էջ է բացելու:

«Ժնևի համաձայնությունը թարմ օդ էր ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Ալ-Նահյան՝ նշելով, որ Էմիրությունները մտադիր է ստեղծել տնտեսական համագործակցության երկկորմ հանձնաժողով, որը բոլոր ոլորտներում ընդլայնելու է Իրան-ԱՄԷ համագործակցությունը:

Իր հերթին Ռոհանին ընդգծել է տարածաշրջանային միասնության, համերաշխության և տնտեսական համագործակության հարցերի շուրջ առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ համաձայնագիրը լավ հնարավորություն է Իրանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական ու քաղաքական կապերը զարգացնելու համար:

Նշենք, որ Իրանը և ԱՄԷ-ն թեև ունեն սերտ տնտեսական կապեր, սակայն տարաձայնություններ ունեն քաղաքական և տարածքային խնդիրների շուրջ: Այսպես, շարունակվում է սրված մնալ Պարսից ծոցում երեք կղզիների՝ Մեծ և Փոքր Թոմբերի, Աբու Մուսայի տարածքային պատկանելության խնդիրը, որը արտահայտվում է հազվադեպ պաշտոնական այցերով: ԱՄԷ-ի իշխանությունների կարծիքով, Իրանն օկուպացրել է այդ կղզիները:

Placeholder
Ռոհանի. «Վեցյակի» հետ համաձայնությունը կամրապնդի Իրան-ԱՄԷ հարաբերությունները