Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուղեղների արտահոսքը կանխելու համար գիտելիքները պարարտ հողի վրա կիրառելու հնարավորություններ են պետք»
Կրթությունը շարունակելու համար արտասահմանյան բուհեր գնում են այն ուսանողները, ովքեր լիարժեք բավարաված չեն տեղում ստացած գիտելիքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանը և հավելեց, որ չի կարող թույլ ուսանողը մեկնել եվրոպական երկրներ ուսումը շարունակելու:
«Խնդրին պետք է անդրադառնալ և լավ իմաստով, և վատ: Այստեղից գնացած երեխաները հիանալի դրսևորում են իրենց: Լավ է այն առումով, որ երեխան արդեն գիտի, որ դրսում կան նորարարական կրթական ծրագրեր: Շատ ակտիվ է այնտեղ բուհ-գործատու կապը, ինչը մեզ մոտ շատ թույլ է: Գործատուները նույնիսկ մասնակցում են ավարտական քննություններին: Կարևոր է, որ երեխան ուսումնական գործընթացի ընթացքում է վերցնում գործնական հմտություններ: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում բարձր աշխատավարձով աշխատանքի են վերցնում հենց դրսում սովորած կադրերին»,- ասաց նա:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանի բնորոշմամբ՝ խնդիրը և մտածելու տեղիք է տալիս, և չի տալիս: Ըստ նրա՝ պետք է հարց տալ. ուսանողները գնա՞ն արտերկիր և ստանան բարձր որակով կրթություն, թե՞ մնան այստեղ ու բավարարվեն միայն տեղի որակով:
«Հարց է նաև, թե որքանով է այսօր արդիական արտասահմանից ուսանողների «ներկրումը» Հայաստան: Այն պատկերը, որ ունենք հայկական մի շարք բուհերում՝ ասիական ուսանողների հոսքը, միանշանակ դրանով որակավորել որևէ բուհ, չի կարելի: Երկու կողմի համար էլ՝ և եկողների, և գնացողների, հարցն ունի և լավ, և վատ կողմեր: Կան վտանգներ, որոնցից մեկն այն է, որ մենք այսօր ունենք ուսանողներ, ովքեր ստացել են կրթություն և շարունակում են իրենց գործունեությունը իրականացնել դրսում, մենք հետ ստանում ենք ոչ ամբողջական թիվ գնացածների ու հետ եկածների»,- ասաց Մկրտիչ Ավագյանը:
Մեկ այլ վտանգ, ըստ նրա, այն է, որ գործատուները մեծ տարբերություն են դնում դրսում սովորած և այստեղ կրթություն ստացած կադրերի միջև: Դեր է սկսում խաղալ դիպլոմը:
Մկրտիչ Ավագյանը նկատեց, որ կան դեպքեր, երբ մարդիկ ուղղակի մեկնում են արտասահմանյան համալսարանում սովորելու և ունեն ֆինանսական սեփական հնարավորություններ, հաճախ այդ ուսանողները սովորում են այնպիսի համալսարաններում, որոնք չի կարելի համարել առաջնային: Դրանց մասնագիտությունները մեր երկրի տնտեսության, գիտության համար այնքան էլ կարևոր չեն:
Panorama.am-ի հարցին՝ ուղեղների արտահոսքի վտանգը միշտ առկա է, ինչպիսի՞ մեխանիզմներ են հարկավոր մշակել և ինչպիսի՞ միջավայր է պահանջվում, որ արտերկրում պատրաստված կադրերը վերադառնան և իրենց գործունեությունը շարունակեն Հայաստանում, Սուրեն Օհանյանը պատասխանեց, որ ուղեղների արտահոսք եղել է և կլինի:
«Նայած, թե որ երկիրը ինչ խթաններ է ստեղծում: Կան որոշակի կազմակերպություններ, որոնք զբաղված են ուղեղներ բացահայտելով և նրանց տանելով: Դրանք հաճախ բացահայտվում են մանկապարտեզի տարիքից: Մենք բավականին ունակ և աշխատասեր ժողովուրդ ենք, դա է պատճառը, որ մեր ուղեղներին «տանում են», դա պատահական չէ: Եթե մենք կարողանանք լիարժեք պայմաններ ստեղծել այստեղ, բոլորը պատրաստ են վերադառնալ»,- ասաց նա:
Մկրտիչ Ավագյանն էլ նշեց, որ միջավայրը կարևոր է, բայց չպետք է մոռանալ, որ ուղեղների արտահոսքը պայմանավորված է այն գլոբալ գործընթացի հետ , որ տեղի է ունենում աշխարհում: «Հարցը մեզ համար օրհասկան կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր շրջանավարտների համար չենք ստեղծել իրենց գիտելիքները պարարտ հողի վրա կիրառելու հնարավորություններ»,- ասաց նա:
Բանախոսը նկատեց, որ մարդիկ իրենց միլիոնները չեն խնայում ներդնել արտասահմանյան շատ բուհերում. «Եթե մեզ մոտ էլ լինի նման գիտակցում, որ կրթությունը մեր վաղվա օրն է, և եթե մարդիկ ներդրումներ անեն, մենք դժվար թե ուղեղների արտահոսքի շատ մեծ խնդիր ունենանք»: