Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Միացյալ խաչ» հուշարձանի բացմանը (տեսանյութ)
Օրվա թեմա
10:25 02/12/2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Միացյալ խաչ» հուշարձանի բացմանը (տեսանյութ)

Այսօր Երևանի Մոսկովյան-Նալբանդյան –Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրվեց հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» հուշարձանը:

Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Երևանի քաղապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիսավոր բացման արարողությանը պատիվը վերապահվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:

Բացման արարողությունից առաջ ելույթ ունենալով ներկաների առջև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս հուշարձանը խորհրդանշում է այն ջերմ զգացմունքները, որ միմյանց նկատմամբ տածում են հայ և ռուս ժողովուրդները:

Վարչապետի խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունները կրում են ոչ միայն ռազմավարական, դաշնակցային բնույթ, այլև դրանք հիմնվում են ընդհանուր արժեքների վրա:

Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են քրիստոնեական բարոյականության վրա:

«Մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, ինչի մասին է վկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան»,- ասաց Մաքսիմ Սոկոլովը:

Հուշարձանի քանդակագործ Ֆիդիրխ Սողոյանը ելույթում նշեց, որ շատ հուզված է` ներկա գտնվելով հուշարձանի բացմանը: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ով մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի այս հուշարձանը տեղադրվի Երևանում:

4.5 մետր բարձրությամբ հուշարձանը իրենից ներկայացնում է երկու բարեկամ` հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը:

Այս հուշարձանի նույնատիպը 1997թ Մոսկվայի 850 ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում: Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ գործարարներ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ:

Placeholder
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Միացյալ խաչ» հուշարձանի բացմանը (տեսանյութ)