Իրավական իրազեկման բանավեճի ակումբներ` դպրոցներում
Կրթություն, գիտություն
18:55 02/12/2013

Իրավական իրազեկման բանավեճի ակումբներ` դպրոցներում

«Երիտասարդական նվաճումներ» կրթական ՀԿ-ն «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության (GIZ) աջակցությամբ 2012-2013 թթ. Իրականացրել է «Իրավական իրազեկման դպրոցական ակումբներ» ծրագիրը` «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում են «Երիտասարդական նվաճումներ» կրթական ՀԿ-ից:

Երևանի 10 ավագ դպրոցներում ստեղծվել են իրավական իրազեկման բանավեճի ակումբներ, որոնցում ընդգրկված են 9-11-րդ դասարանների աշակերտներ: Բանավեճի միջոցով ակումբի անդամները հնարավորություն ունեն արտահայտելու իրենց տեսակետերը և մոտեցումները իրավական տարբեր թեմաների վերաբերյալ: Ակումբներում քննարկվում են հայ իրականության մեջ տեղի ունեցող բազում փոփոխություններ, որոնք առնչվում են իրավական ոլորտին և կարևոր են հասարակության լայն շերտերի համար:

Ծրագրի իրականացման ընթացքում մշակվել և տպագրվել է կրթական ժողովածու, իրականացվել են ուսումնական այցեր տարբեր պետական և ոչ պետական կառույցներ, կազմակերպվել իրավական իրազեկման սեմինարներ և կլոր սեղան քննարկումներ:
Դեկտեմբերի 2-5-ն անցկացվում են Իրավական իրազեկման դպրոցական ակումբների միջդպրոցական հանդիպումները Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում:

Placeholder
Իրավական իրազեկման բանավեճի ակումբներ` դպրոցներում