Կ. Սարիբեկյան. ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցությունը՝ նոր մակարդակում
Քաղաքական
16:34 06/12/2013

Կ. Սարիբեկյան. ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցությունը՝ նոր մակարդակում

«Ռազմական համագործակցության առումով Հայաստանը Ռուսաստանի հետ մեծ թվով պայմանագրեր ունի, սակայն ՌԴ նախագահի՝ դեկտեմբերի 2-ին կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցրեցին երկկողմ համագործակցությունը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ՌԴ ռազմա-տեխնիկական համագործակցությունը ու այդ տեսանկյունից, ինչպե՞ս կգնահատեք ՌԴ նախագահի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Սարիբեկյանը:

Նրա խոսքերով, կարևորագույն ձեռքբերումներից է ռուսական ռազմաարդյունաբերական հիմնարկներից ուղղակի գնումներ անելու հնարավորությունն է, ինչը հնարավորություն կտա սպառազինություն ձեռք բերել անհամեմատ էժան գներով:

«Ոչ պակաս կարևոր է համատեղ ռազմաարդյունաբերական հիմնարկների շահագործումը ու համապատասխան ենթակառուցվածքների հիմնումը»,- հավելեց նա:

Կ. Սարիբեկյանը նշեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո, մի շարք ապրանքատեսակներից բացի, հնարավոր կլինի առանց մաքսատուրք ներկրել նաև զենք-զինամթերք:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու փաստին, պատգամավորը նշեց. «Նախագահը Ադրբեջանին զենք վաճառելու թեման բարձրացրել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ֆորմատով տեղի ունեցող հանդիպումների ժամանակ և ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը մոտ ապագայում կվերանայի իր մոտեցումը՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում»:

«Ամեն դեպքում, ցանկացած երկիր, Ադրբեջանին սպառազինություն վաճառելուց պետք է գիտակցի, թե ինչպիսի պատասխանատվություն է ստանձնում ու ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել: Այս տեսանկյունից, ՌԴ-ն միակ երկիրը չէ, որ զենք է վաճառում, պետք է հետևողական լինել նաև մնացած երկրների կողմից Ադրբեջանին մատակարարվող սպառազինության գործարքներին»,- նշեց Կ. Սարիբեկյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ռուսական ռազմակայանի արդիականացումը, պատգամավորը նշեց. «ՌԴ-ն որպես ռազմավարական դաշնակից ու որպես ՀԱՊԿ-ում մեր գործընկեր կապված է Հայաստանի հետ համապատասխան իրավական բազայով, իսկ ռուսական 102-րդ ռազմական բազան իր հստակ խնդիրներն ունի, ամեն դեպքում ռազմաբազայի հզորացումը կարևոր է: Սակայն առավել կարևորում եմ հայկական զինուժի մարտական պատրաստվածության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու բանակի՝ նոր սպառազինությամբ ապահովումը, ինչի ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվում»:
 

Placeholder
Կ. Սարիբեկյան. ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցությունը՝ նոր մակարդակում