Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում մասսայականորեն խախտվում են մարդու սոցիալական իրավունքները. Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Հասարակության շրջանում մարդու իրավունքների պաշտպանության առումով ներկայումս բարձր իմացություն կա, ինչը դրական է, քանի որ երկիրը սկսում է դառնալ իրավական պետություն: Մարդու իրավունքների պաշտպանության օրը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վերլուծելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Միևնույն ժամանակ, տիկին Ալավերդյանը փաստում է` Հայաստանում մարդու իրավունքները շարունակում են խախտվել: Նախ ըստ ՄԻ առաջին պաշտպանի մեր երկրում կոպտորեն խախտվում է մարդկանց սոցիալական իրավունքները: «Սոցիալական իրավունքների առումով, լինի դա նվազագույն աշխատավարձի շեմը, աղքատության շեմը, դա անշուշտ խոսում է իրավունքների մասսայական, զանգվածային ոտնահարումների մասին: Հենց դրանից է բխում այն վատ վիճակը, որ մենք ունենք ժողովրդագրական առումով»,- ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը:
Բացի մարդկանց սոցիալական իրավունքներից, Հայաստանում, ըստ Ալավերդյանի, խախտվում են նաև մարդկանց տնտեսական իրավունքները: «Արդեն ապացուցված է, որ ցավոք սրտի, Հայաստանում ազատ շուկայական հարաբերություններ չկան և այդ առումով դեռ վիճակը վատ է, իսկ դա նշանակում է, որ մարդկանց տնտեսական իրավունքները ևս ոտնահարվում են», -նշեց Լարիսա Ալավերդյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը Մաքսային Միությանը` Հայաստանի անդամագրվելու դեմ ակցիայի մասնակիցներին կոպտորեն ոստիկանության բաժիններ տանելը, ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի, ցույց տվեց, որ Հայաստանում խախտվում են նաև մարդկանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները:
«Այս պարագայում պետք է ասեմ, որ ես նախ և առաջ պաշտպանելու եմ ոստիկանների իրավունքները` չի կարելի, որ գործող իրշխանությունները օգտագործեն անընդհատ ոստիկանությանը, ոստիկաններին` որպես իրենց ապաշնորհ քաղաքականության ծածկ: Այստեղ ես խնդիր եմ տեսնում», -նկատեց Լարիսա Ալավերդյանը` հիշեցնելով Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովա 10-ի դեպքերը, երբ ոստիկանները առաջին գծում էին:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը հետադարձ հայացք է գցում և փաստում է, որ այժմ փոխվել են միայն մարդիկ ու դարձել են ակտիվ իրենց իրավունքների պաշտպանության հարցում: «Դա ինձ հույս է ներշնչում, որ մենք կփոխենք: Իշխանության կողմից այդ կարծրատիպերը մնում են նույնը», -հավելեց առաջին պաշտպանը:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառնորով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ։ Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամընտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը։