Թող իրականան բոլոր մանուկների ամանորյա երազանքները…
Վերլուծություններ
10:50 12/12/2013

Թող իրականան բոլոր մանուկների ամանորյա երազանքները…

Ամանորին, հատկապես մանուկների կողմից այդքան սպասված Նոր տարվան, հաշված օրեր են մնացել: Մանուկներն ինքնուրույն կամ ծնողների օգնությամբ նամակներ են գրում և իրենց ցանկություններն հղում Ձմեռ պապին: Մեծահասակներն էլ փորձում են իրականացնել նրանց ցանկությունները: Ասում են` Ամանորի գիշերն ամենահեքիաթային երազանքներն ու ցանկություններն անգամ կարող են դառնալ իրական, միայն հավատալ է պետք…ու հավատում են: Հավատում են հատկապես երեխաները, իսկ քաղցկեղով հիվանդ երեխաներն` առավել ևս:

Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում բուժվող երեխաները մի պահ մոռացել են հիվանդության մասին ու նամակներ գրել Ձմեռ պապին: Նրանք հրաշագործ պապիկից նախ առողջություն են խնդրում, իսկ հետո արդեն` նվերներ:

Bridge of Health կազմակերպության ղեկավար Անահիտ Բարսեղյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխաների ցանկություններով լի նամակներն արդեն ստացել են: Մեծ սպիտակ արջուկ, լվացքի մեքենա, խաղալիք համակարգիչ, տարբեր չափի ու գույնի մեքենաներ, այդ թվում ոստիկանի, ատրճանակ, ձեռքի ժամացույց, սինթեզատոր… ահա թե ինչ են խնդրել երեխաները Ձմեռ պապից:

«Նամակները ստացել ենք և ուղարկելու ենք Ձմեռ պապին: Դեկտեմբերի 24-ին կհանդիպենք երեխաների հետ և նրանց կփոխանցեք իրենց նվերները: Մենք կիրագործենք նրանց ցանկությունները»,- ասաց Անահիտ Բարսեղյանը:

Տա Աստված, 2014 թվականին իրագործվի ամենամեծ հրաշքը` հիվանդ մանուկները առողջանան և նրանց աչուկները երբեք տխրություն չարտացոլեն …

Placeholder
Թող իրականան բոլոր մանուկների ամանորյա երազանքները…