Հարց Պան Գի Մունին. «Եղբայր, նայիր ՄԱԿ-ի կանոնադրությունը, արդյո՞ք Թուրքիան համապատասխանում է չափանիշներին»
Հարցազրույցներ
10:41 12/12/2013

Հարց Պան Գի Մունին. «Եղբայր, նայիր ՄԱԿ-ի կանոնադրությունը, արդյո՞ք Թուրքիան համապատասխանում է չափանիշներին»

Թուրքիան մեծ գումարներ է տալիս ՄԱԿ-ին և հերթով նվաճում տարբեր կարևոր դիրքեր: Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին Թուրքիայի անդամակցությանը` Panorama.am-ին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, հիշեցնելով, որ Բրատիսլավայից Ստամբուլ է տեղափոխվում ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի եվրոպական կենտրոնը, խոսվում է նաև մի քանի այլ կառույցների տեղափոխվելու մասին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բաքու տեղափոխվելու մասին էլ վաղուց են խոսում:

«Մեծ գումարների ու մեծ քարոզչական աշխատանքի շնորհիվ նրանք հասնում ենք իրենց նպատակին: Ես կարծում եմ, մենք թերագնահատում ենք, թե Թուրքիան ու Ադրբեջանը ձեռք ձեռքի տված ինչպես են աշխատում միջազգային հարթակներում»,-տեսակետ հայտնեց ՀԿ նախագահը:

Միջազգային տարբեր գիտաժողովներին հաճախ մասնակցող Կ. Դանիելյանը նկատել է, որ բոլոր տեղերում մի թուրք կամ մի ադրբեջանցի է նստած. «Նրանք նայում են, որտեղ հնարավոր է խցկվել, անպայման խցկվում են, որից հետո սկսում են հակահայ քարոզչությունը»:

Հարևան պետությունների այս քայլերը, ըստ մեր զրուցակցի, պաշտպանողական բնույթ ունեն, նրանք պետք է ապացուցեն, որ ողջ տարածքի պատմամշակութային կոթողներն իրենցն է:

«Մեկ ամսվա ընթացքում չորս հրավեր եմ ստացել Ստամբուլում կայանալիք 4 տարբեր գիտաժողովներին մասնակցելու համար: Իրենք ֆինանսավորում են այդ միջոցառումները ու բոլորին հավաքում այնտեղ, բայց պատահական չեն հավաքում չէ՞: Հետո համապատասխան քարոզչություն են անում, ուշադրություն, նվերներ, մարդիկ դուրս են գալիս այնտեղից լրիվ մտքափոխված: Այս ամենը Թուրքիայի նախապատրաստումն է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին»,-նշեց նա:

ՀԿ նախագահի խոսքով, կարելի է այս ամենի դեմն առնել միասնական կոմիտե ստեղծելով ու համակարգված, հետևողական աշխատանք իրականացնելով. «Մենք սփյուռքում հսկայական ներուժ ունենք, ներքին ներուժ ունենք, փայլուն երիտասարդներ ունենք: Օրինակ ես դասավանդում եմ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, փայլուն երիտասարդներ կան: Ավարտում են և չգիտեն, աշխատանք կգտնեն, թե ոչ: Պետք է կարգավորվի այդ հարցը, և մեր ազգի ներկայացուցիչներն անցնեն աշխատանքի միջազգային կառույցներում, հակահարված տան»:

Նա համոզվել է, որ դրսում բոլորը չէ, որ գիտեն Հայաստանի, հայերի, հայոց պատմության մասին: Օրինակ, մինչ օրս էլ տարբեր ատյաններում լինում են դեպքեր, երբ «Արմենիա»-ն ներկայացնող Դանիելյանին հարցնում են, թե ի՞նչ պետություն է այն` «Ալբանիա՞, Ռումինիա՞»:

«Երբ ազգը դուրս է մնում պետականությունից, նաև պատմությունից է դուրս մնում: Իսկ մեզ թվում է, որ մեր պատմությունը գիտեն, Մեծ եղեռնը գիտեն, ամեն ինչ գիտեն: Մենք շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-նշեց նա:

Դանիելյանը նկատեց, որ իր ղեկավարած ՀԿ-ն ՄԱԿ-ում ազդեցություն ունեցող մոտ 2 տասնյակ կազմակերպությունների հետ միասին նամակ է հղել գլխավոր քարտուղար Պան Գի Մունին. «Եղբայր, մի հատ նայիր ՄԱԿ-ի կանոնադրությունը, և տես, արդյո՞ք Թուրքիան համապատասխանում է այն երկրի չափանիշներին, որտեղ կարելի է ՄԱԿ-ի այդ կառույցները տեղափոխել: Չէ՞ որ ակնհայտորեն չի համապատասխանում, թե միայն փողն է ամեն ինչ որոշում»:

Պատասխան նամակ չեն ստացել, միաժամանակ չգիտեն էլ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը, ինչ կլինի, եթե ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը տեղափոխվի Ստամբուլ:

Դանիելյանը վստահ է, որ ճիշտ պայքարի դեպքում ճշմարտությունն ի վերջո կհաղթի. «Ես բոլոր դեպքերում վստահ եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»:

Նախորդող հրապարակումներ`

Սասունյան. Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովի անդամ. «գառը գայլին պահ են տվել»

Հայկ Դեմոյան. Հայ-թուրքական մերձեցմանը նվիրված միջոցառումները 2015-ին ընդառաջ հայկական կողմի պահանջները մեղմելու համար են

Կ. Դանիելյան. Հույս կա, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ չի տեղափոխվի

Հերթական սպառնալիքը Թուրքիայից. հայաստանյան ՀԿ-ներն անհանգստացած են

Placeholder
Հարց Պան Գի Մունին. «Եղբայր, նայիր ՄԱԿ-ի կանոնադրությունը, արդյո՞ք Թուրքիան համապատասխանում է չափանիշներին»