Թևան Պողոսյան. «Գալիք տարվա հունվարից ԵՄ-ի և Հայաստանի միջև կսկսվեն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները»
Քաղաքական
15:43 12/12/2013

Թևան Պողոսյան. «Գալիք տարվա հունվարից ԵՄ-ի և Հայաստանի միջև կսկսվեն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները»

 Գալիք տարվա հունվարից ԵՄ-ի և Հայաստանի միջև կսկսվեն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները, որն իր մեջ կկրի տնտեսական տարրեր: Այսօր «Եվրոպական ինտեգրացիա-2013 թ. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով հրավիրված համաժողովի ընթացքում panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ համաժողովի անցկացման գլխավոր նպատակը եվրոպական ինտեգրման ուղղությամբ առաջ եկած մարտահրավերների քննարկման հնարավորությունն էր:

«Սա կազմակերպվել էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կողմից, որի ակունքներում ինքս կանգնած էի: 2003թ.-ին ձեռնարկելով այս նախաձեռնությունը, նպաըակ էինք հետապնդում, որ տարին մեկ անգամ Հայաստանում ունենանք այսպես ասած հարթակ, մեկ միջոցառում, որտեղ և՛ պետական, և՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կկիսվեն միմյանց հետ, թե ամբողջ տարվա ընթացքում ինչ առաջընթաց է տեղի ունեցել եվրոպական ինտեգրման ուղղությամբ, ինչ խնդիրներ կան, ինչպես կարելի է համագործակցել և առաջ շարժվել:

2003թ.ից հետո հասկանալի է, խնդիրները այլ էին, 2004թ.-ից ավելի ակտիվ սկսեց աշխատել եվրոպական նոր հարևանության քաղաքականությունը, 2008-ից` Արևելյան գործընկերությունը: Ուրախ եմ, որ այս ֆորմատում մենք ունեցել ենք ինչպես միջազգային, այնպես էլ տեղական և բարձր պետական պաշտոնյաների, ինչպես նաև շատ բարձր փորձագիտական հանրույթի ներկայություն: Այսօր 10-րդ անգամ է, որ հավաքվում ենք այս միջոցառմանը: Բնականաբար Եվրամիությունը շարունակելու է Հայաստանի հետ աշխատանքը տարբեր ոլորտներում: Դրանք կլինեն նույն կրթական, մշակութային մարդու իրավունքների շրջանակներում, լավ կառավարման, հակակոռուպցիոն խնդիրները, ինչպես նաև տարբեր ոլորտների տնտեսական հարցերի շրջանակներում: Ուրախ կլինեմ, որ պետական ներկայացուցիչները, Եվրոպական դիվանագետներերը և փորձագետները, ինչպես նաև տեղական փորձագետները ներկայացնեն իրենց տեսակետը և այս ձևաչափը իսկապես օգտագործվի որպես մի հարթակ, որտեղ քննարկվեն ինչպես անցած ուղին, այպես էլ ապագային միտված ծրագրերը»,- նշեց Թևան Պողոսյանը:

Բանախոսը վստահություն հայտնեց, որ գալիք տարվա հունվարից ԵՄ-ի և Հայաստանի միջև կսկսվեն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները, որ իր մեջ կկրի տնտեսական տարրեր:

«Տնտեսական տարրեր ասելով մենք պետք է դիտարկենք ոչ միայն առևտրային շրջանակի հարցերը, այլ նաև այն, թե ինչպես կարելի է օգնել, որ Հայաստանում օրենսդրական դաշտում փոփոխություններ, զարգացումներ տեղի ունենան, ներդրումային դաշտի բարելավման շրջանակներում օգնություն տրամադրվի փոքր և միջին ձեռնարկություններին: Պետք չի խնդիրը ընկալել միայն պարզ առևտրի շրջանակի մեջ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նշենք, որ Թևան Պողոսյանը 2000-2012թթ զբաղեցրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրենի պաշտոնը:

Նախորդիվ` 

Վիգեն Սարգսյան. Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետևողականորեն խթանել է ՀՀ-ԵՄ երկխոսությունը


Վիգեն Սարգսյան. Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովը դիտարկում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևոր հանգրվան (տեսանյութ)

 

Placeholder
Թևան Պողոսյան. «Գալիք տարվա հունվարից ԵՄ-ի և Հայաստանի միջև կսկսվեն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները»