Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց` «վերջիվերջո որոշվում է Արցախում ապրող մարդկանց ճակատագիրը»:
Իգոր Պոպովի հայտարարությունը գալիս է հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին ոչ Վաշինգթոնում է, ոչ Մոսկվայում, և ոչ էլ Փարիզում, այն Ստեփանակերտում է ու Արցախի ճակատագիրը կարող են որոշել բացառապես Ստեփանակերտում:
Մեկ այլ կարևոր հանգամանք էր այն, որ համանախագահներն Արցախ կատարած այցի շրջանակներում ոչ միայն հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահի, ինչպես սովորաբար անում էին, այլ պաշտպանության բանակի հրամանատարի և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ: Սա ցույց է տալիս, որ համանախագահները փորձում են անմիջականորեն աշխատել ինչպես Արցախի տարբեր կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության լայն շրջանակների հետ:
Պոպովի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ միջնորդ երկրներն Ադրբեջանին նրբորեն նախապատրաստում են Արցախի` բանակցություններին ուղղակի ներգրավվելուն, ինչը սկզբնական փուլում Ադրբեջանի կողմից անհամաձայնության դրսևորումների կհանգեցնի` լրացուցիչ բարդություններ ու լարվածություն առաջացնելով պրոցեսում:
Սակայն մյուս կողմից, միջնորդ երկրները համոզվել են, որ բանակցություններում առանց Արցախի անմիջական ներգրավվածության, լուրջ արդյունքներ անհնար է ակնկալել:
Կարևոր է, որ միջնորդ երկրներում կա գիտակցումն այն բանի, որ ԼՂ հիմնախնդրում առաջընթաց կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ դրան անմիջականորեն ներգրավված կլինի պաշտոնական Ստեփանակերտը: Համանախագահները տարածաշրջան կատարած այցի շրջանակներում մշտապես հանդիպում են նաև ԼՂՀ նախագահի հետ` ներկայացնելու բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկում գործընթացի առանձին դետալներ:
Ռուսաստանցի համանախագահը նաև նշել էր, որ «հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքն ավարտելուց հետո, երբ պարզ դառնա՝ ինչպես գործել տվյալ փուլում, կարելի կլինի քննարկել այդ հարցը»,- ասել է նա` հիշեցնելով, որ ԼՂՀ այցերը, Բակո Սահակյանի հետ հանդիպումները հենց Ղարաբաղը քննարկումներին ներգրավել են նշանակում:
Սա նշանակում է, որ բանակցային սեղանին գտնվող «հիմնարար սկզբունքների» փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համաձայնեցումից հետո կներկայացվի պաշտոնական Ստեփանակերտին: Եվ միայն Ղարաբաղի դրական պատասխանից հետո, հնարավոր կլինի բանակցություններում անցում կատարել հաջորդ` խաղաղության համաձայնագրի մշակման փուլին, որին ուղղակի ձոևվ ներգրավված կլինի նաև Ղարաբաղը:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան