ՍԴՀԿ. Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար
Քաղաքական
12:48 19/12/2013

ՍԴՀԿ. Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար

Այսօր Երևանում Սիրիայի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջև:

ՍԴՀԿ մամլո դիվանի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում պարոն Նայալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին Սիրիայի հարցում ունեցած հավասարակշիռ վերաբերմունքի համար, ինչպես նաև ընդգծել է Սիրիայում բնակվող հայերի դերն այդ երկրում խաղաղության ամրապնդման հարցում:

ՍԴՀԿ ատենապետն ընդգծել է իրենց համար Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև եղբայրական երկրում խաղաղության հաստատման կարևորությունը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Նարեկ Գալստյանն իր խոսքում նկատել է, որ Սիրիայում խաղաղության հաստատմանը դեմ է հատկապես Թուրքիան, ինչպես նաև հիշեցրել է, որ միջազգային մամուլում բազմիցս նշվել է այն փաստը, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա:

«Խոսակցություններ կան, որ որոշ թուրքական կազմակերպությունները գլխագին են նշանակել ամեն մի սպանված հայի համար»,-նշել է ՍԴՀԿ ատենապետը:

ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հույս է հայտնել, որ շուտով Սիրիայում խաղաղություն կվերահաստատվի, և Սիրիայի ու Հայաստանի մեջ կվերականգնվեն երբեմնի աշխույժ և սերտ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը:

Placeholder
ՍԴՀԿ. Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար