Յանուկովիչի՝ Մոսկվայում ստորագրված համաձայնագրերը ի հաշիվ Ուկրաինայի եվրաասոցացման չեն
Քաղաքական
19:26 20/12/2013

Յանուկովիչի՝ Մոսկվայում ստորագրված համաձայնագրերը ի հաշիվ Ուկրաինայի եվրաասոցացման չեն

 Օրերս ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով, կողմերըպայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի համար գազի գնի 30%-ոց զեղջի և ռուսական 15 միլիարդ դոլարի հասնող վարկի տրամադրման շուրջ: 

Այսուհետ, ուկրաինական «Նավթագազ» ընկերությունը ռուսական «Գազպրոմից» գազ կգնի նախկին 410 դոլարի փոխարեն՝1000 խմ գազի դիմաց վճարելով 268.5 դոլար:

Կիևում գրեթե մեկ ամիս շարունակվող բողոքի ցույցերի՝«եվրամայդանի» մասնակիցները նախագահ Յանուկովիչի Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները շատ բացասական են ընդունել:

«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի աշխարհաքաղաքական հաղթանակն է:Հետխորդային տարածքում մեծանում է ՌԴ-ի ազդեցությունը և ՌԴ-ը այժմ վճարել է Յանուկովիչին՝ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դիմաց: Հնարավոր է, որ Յանուկովիչը կհամաձայնվի անդամակցել Մաքսային միությանը՝ 2015թ.-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո»,- իրավիճակը այսպես է գնահատել ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացինյուկը

«Վիկտոր Յանուկովիչը իմ անձնական հակառակորդն է և ես նրան ռինգ եմ հրավիրում»,- հայտարարել է «եվրոմայդանի» մեկ այլ առաջնորդ, «ՈՒԴԱՐ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ առաջադրվելու է գալիք նախագահական ընտրություններում: 

Նախօրեին կայացած ասուլիսում Վլադիմիր Պուտինը նույնպես արձագանքել էր Կիևի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Ուկրաինացիները մեր եղբայր ժողովուրդն են և մենք պետք է աջակցենք նրանց դժվար իրավիճակներում:Այդ է հիմնական պատճառը, որ մենք կայացրել ենք այդպիսի որոշում»,-նշել է Վ. Պուտինը՝ ժխտելով թեզը, թե դա Ուկրաինայի՝ եվրաասոցացումից հրաժարվելու գինն է: Պուտինի խոսքով՝ իրենք դեմ չեն Ուկրաինայի ասոցացմանը, սակայն իրենք պաշտպանում են իրենց տնտեսությունը:

«Եթե Ուկրաինան իր դռները բացի ԵՄ-ի առջև, մենք ստիպված կլինենք պաշտպանվել»,- նշել է ՌԴ-ի նախագահը:

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է. «Ռուսաստանի հետ համաձայնագրերը չեն խանգարում Ուկրաինայի եվրաինտեգրմանը»:

«Ես կարող եմ ձեզ ցուցադրել ուկրաինա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի բոլոր փաստաթղթերը և դուք կհամոզվեք, որ այնտեղ ոչ մի հակասություն չկա Ուկրաինայի ցանկացած ինտեգրման վեկտորի հետ կապված»,-BBC-ի տեղակացմամբ հայտարարել է Վ.Յանուկովիչը: 

Ինչ վերաբերվում է փորձագիտական շրջանակներին, ապա ԱՊՀ երկրների ինստիտուտի ուկրաինական մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Կորնիլովը նշել է, որ «գազային խնդրի» ամենահեշտ լուծումը կլիներ Ուկրաինայի Մաքսային միությանը անդամակցությունը:

Նրա խոսքերով, Պուտինը Յանուկովիչի հետ հանդիպմանը հստակ նշել է, որ գոյություն ունի ուղիղ ճանապարհ՝Ուկրաինայի Մաքսային միությանը անդամակցությունը և այդ ժամանակ գազի գնի զեղջեր տեղի կունենան:

«Ուկրաինական կողմի դիրքորոշումը Մաքսային միության հետ կապված որոշակիորեն մեղմացել է, սակայն դա բավարար չէ մոտակա ժամանակներս կոնկրետ արդյունքներ ակնկալելու համար»,- «Ռիա-Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նշել է Վ. Կորնիլովը:

Ուկրաինայում վերջին շրջանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը պառակտել է ուկրաինական հասարակությունը: Երկրի արևմտյան շրջանները միացել են Կիևում «եվրոմայդանի» մասնակիցներին և պահանջում են Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը, իսկ արևելյան շրջանները և Ղրիմը կողմ են Ուկրաինայի՝ Ռուսաստանի և Մաքսային միության հետ կապերի ընդլայնմանը:

Մեկ ամիս Կիևում շարունակվող բողոքի այցիաները նախօրեին, երբ հայտնի դարձավ Յանուկովիչ-Պուտին հանդիպման արդյունքները, նոր իմպուլս ստացան: Կիևում 10.000 մարդ էր արձագանքել ընդդիմության կոչին՝միանալու Յանուկովիչի Մոսկվայում ստորագրված համաձայնագրերի դեմ բողոքի ակցիային:

Ուկրաինայի Գերագույն Ռադան նախօրեին որոշում է ընդունել, որը քրեական և վարչական պատասխանատվությունից ազատում է «եվրոմայդանի» բոլոր ձերբակալված անձանց: «Vedomosti.ru»-ի փոխանցմամբ, ընդդիմության ներկայացրած օրինագծին կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Օրենքով նախատեսվում է ազատ արձակել Կիևում նոյեմբերի 21-ից մեկնարկած բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցներին:

ԵՄ-ը և Ռուսաստանը, որպես արտաքին խաղացողները, իրենց դիրքորոշումներ են հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

ԵՄ-ը «եվրոմայդանի» շարժման սկզբից ի վեր իր աջակցություն է ցուցաբերել ցուցարարներին և «եվրոմայդանի» ընդդիմադիր առաջնորդներին:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ արտգործնախարարները համաձայն են Ուկրաինայի ԵՄ-ին քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման հետ, ինչը պահանջում են Ուկրաինայի հազարավոր ցուցարարներ: Այդ մասին հայտնում է Gazeta.ru կայքը:

Նրա խոսքերով, Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ ասոցացումը տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու լավագույն ձևը կլինի:

Իր հերթին, ՌԴ-ի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին: Vz.ru-ի փոխանցմամբ, ՌԴ-ի արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ ուկրաինացիները պետք է ընտրության ազատություն ունենան եվրոինտեգրացման հարցում և չանեն այդ ընտրությունը ԵՄ-ի ճնշման տակ:

Արտյոմ Բալասանով

Placeholder
Յանուկովիչի՝ Մոսկվայում ստորագրված համաձայնագրերը ի հաշիվ Ուկրաինայի եվրաասոցացման չեն