Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով սպա է կալանավորվել. Մանրամասներ
Բանակի զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ երեկոյան երրորդ անձն է կալանավորվել. նա վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով, Արթուր Մուրադյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:
«Վանիչկա Հովակիյանի գործով նախաքննությունը շարունակվում է, կալանավորված են անձինք, որոնց գործողությունները, մեր կարծիքով, առաջացրել են ծանր հետևանքներ, կատարվել են միջանձնային փոխհարաբերությունների կանոնագրքային խախտումներ: Տեղի է ունեցել շորթման փաստ մի զինծառայողի կողմից Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ»,- գործը ներկայացրեց Հարությունյանը:
Օրերս «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որը զբաղվում է բանակում գրանցված մահվան դեպքերն ուսումնասիրելով, հայտարարել էր, որ բանակում զինծառայողների մահվան գործերով սպաները չեն պատժվում: «Շատ հազվադեպ է լինում, որ քրեական գործերով դատարանում սպաներ դատապարտվեն, հիմնականում շարքային զինծառայողներ են: ՊՆ-ում այսպիսի ներքին դիրքորոշում կա, որ հրամանատարներն անձեռնմխելի են ու չեն պատժվում», -ասել էր Ժաննա Ալեքսանյանը:
ՊՆ քննչական ծառայության պետը մեր խնդրանքով անդրադառնալով իրավապաշտպանի այս հայտարարությանը, ասաց, որ իրականում այդպես չէ ու հավելեց. «Կարող եք նայել յուրաքանչյուր քրեական գործ, որը քննվում է դատարանում: Իրավիճակն այդպես չէ: Յուրաքանչյուր հանցագործություն պետք է քննվի անպայման ոչ թե նրա համար, որ մեղավոր սպա գտնենք: Ում արարքում հանցակազմ հայտնաբերվում է, նրանք էլ մեղադրվում են»:
Ի դեպ, Արմեն Հարությունյանն ասաց, որ պատրաստված չէ, մեր զրույցի պահին դեռ չեն ամփոփվել արդյունքները և այս պահին չի կարող ասել բանակում գրանցված մահվան գործերով կատարված քննությունների մասին, որոնք գրանցվել են այս տարվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ
Զինծառայողի մահվան համար մեղադրվող երկու զինծառայողները կալանավորվել են
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է, մյուսը փախել զորամասից
Զինծառայողի մահը միջանձնային հարաբերությունների խախտման հետևանք է. ՊՆախարար