Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ձկնաբուծությունը կանգնած է քայքայման շեմին, արտադրության համար լուրջ խոչընդոտներ կան, որոնք անհաղթահարելի բարդություններ են առաջացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:
«Մեր ձկնաբուծության 80 տոկոսը կարող ենք կորցնել: Մենք մտնում ենք փակուղի, իսկ ձկնարտադրության մասին խոսելն անիմաստ է: Մեր երկրում գործող բանկային համակարգը տեղեկացված է եղել այս ճգնաժամային իրավիճակի մասին նախորոք: Նրանք համարեցին ռիսկային ոլորտ և դադարեցին վարկեր տրամադրել ձկնաբույծներին: Մեզ վերաբերող գործընթացներն իրականացվում է մեզանից թաքուն»,- ասաց նա:
Արթուր Աթոյանը հարց է հնչեցնում՝ երբ արտադրական որևէ խնդիր չկար, ինչպե՞ս եղավ, որ բանկային համակարգը ձկնաբուծությունը համարեց ռիսկային ոլորտ:
Նա ահազանգեց, որ այսպիոսով ոլորտն անեկամտաբեր է դառնում և մենք կունենանք գործազուրկների մի ստվար բանակ: Ոլորտին սպառնացող մյուս խնդիրը, ըստ նրա, վերջին շրջանում ձկնաբուծարաններում հորերի լուծարումն է. «Ձկնաբույծներին ջուրն օգտագործելու թույլտվությունը եղել է: Անօրինական օգտագործում չի եղել»: Արթուր Աթոյանի պնդմամբ, անտերության մատնված 567 խորքային հորեր կան, որոնք չեն օգտագործվում, այդ պաշարները վատնվում են: «Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ մենք նախ անդրադառնայինք այդ հորերին, հետո նոր ձկնաբույծների օգտագործած ջրին»,- ասաց նա:
Panorama.am-ի հարցին՝ հնարավո՞ր է ձկնաբուձության արտադրության նվազումը հանգեցնի ձկան ապօրինի որսին, օրինակ Սևանա լճում, Արթուր Աթոյանը պատասխանեց. «Եթե ձկան պաշարները սպառվում են կամ պակասում, պետք է անպայման ինչ-որ ջրային տարածքի հաշվին կոմպենսացվի: Հիմա գործընթաց է գնում Սևանում ձկնաբուծության զարգացման հետ կապված, բայց դա ավելի ծախսատար տարբերակ է: Այնտեղ, բնակլիմայական պայմաններից ելնելով, ձկան աճը դանդաղում է: Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը, բայց չեմ կարող համարել, որ Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծությունը քայքայման տանելու միջոցով կունենանք լավ արդյունքներ: Ես այդ երկուսը իրար կապել չեմ ցանկանում»:
Արթուր Աթոյանն առաջարկում է ձկնարտադրողների հետ քննարկումներ անցկացնել: Հավելենք, որ ձկնաբույծները պատրասվում են խնդրի վերաբերյալ բաց նամակ հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Կարդացեք նաև՝
Ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը լուծարվել են