Թուրքիայում արդեն երրորդ նախարարը հրաժարական է ներկայացրել
Քաղաքական
17:23 25/12/2013

Թուրքիայում արդեն երրորդ նախարարը հրաժարական է ներկայացրել

 Թուրքիայի կառավարությունում հրաժարական է տվել շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը: Այս օրվա ընթացքում բնապահպանության նախարարը արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որ հրաժարվում է իր պաշտոնից` կապված նախորդ շաբաթվա ընթացքում բարձրացած կոռուպցիոն սկանդալի հետ, հաղորդում է թուրքական HurriyetDailyNews լրատվականը:

Բայրաքթարը իր հայտարարության մեջ նշել է, որ իր դեմ հարուցված հետաքննության ընթացքում հիշատակված գրեթե բոլոր քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը համաձայնեցված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Ես չեմ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ իմ նկատմամբ ճնշում է գործադրվել: Հրաժարականի մասին դիմումը և հայտարարությունը մեզ ուղարկվել է այսօր: Այսպիսի պայմաններում ես սա մեծ սխալ եմ համարում», - ասել է Բայրաքթարը:
Հիշեցնենք, որ առավոտյան հրաժարական էին ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը և էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը:

Այս բարձրաստիճան պաշտոնյայների հրաժարականը լրջորեն սասանել է գործող կառավարությանը  և ավելի է խորացրել Արդարություն և զարգացում կուսակցության ու իսլամիստ գիտնական Ֆեթուլահ Գյուլենի և նրա կողմնակիցների միջև հակասությունը, գրում է պարբերականը: Գյուլենի կողմնակիցները լուրջ պաշտոններ են զբաղեցնում հատկապես ոստիկանության, դատական համակարգի և հատուկ ծառայությունների մեջ:

Հիշեցնենք, որ արդեն ձերբակալվել են 24 անձինք, որոնք մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիայի մեջ: Նախորդ շաբաթ սկսված կոռուպցիոն սկանդալը ցնցել է ողջ Թուրքիան, քանի որ ձերբակալվածների մեջ հիմնականում բավականին լուրջ անձինք են, մասնավորապես` ներքին գործերի նախարարի և էկոնոմիկայի նախարարի որդիները:

Դրան ի պատասխան կառավարությունը սկսել է լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել ուժային կառույցներում: Ավելի քան 70 պաշտոնյաներ ազատվել են գործից կամ տեղափոխվել են ավելի ցածր պաշտոնների:

Placeholder
Թուրքիայում արդեն երրորդ նախարարը հրաժարական է ներկայացրել