Թուրքիայի կառավարությունից 2 նախարար հրաժարական է տվել
Քաղաքական
13:00 25/12/2013

Թուրքիայի կառավարությունից 2 նախարար հրաժարական է տվել

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հրաժարականի դիմում են ներկայացրել: Պատճառը անցյալ շաբաթ ի հայտ եկած հակակոռուպցիոն սկանդալն է, որի ժամանակ ի թիվս այլոց ձերբակալվել էին նաև վերոնշյալ նախարարների որդիները:


Թուրքական «Սթարգազեթե» օրաթերթը տեղեկացնում է, որ նախարարները գրավոր հայտարարություն են տարածել իրենց հրաժարականների մասին: Մասնավորապես Չաղլայանն իր հայտարարության մեջ նշել է, որ դեկտեմբերի 17-ին իրականացված օպերացիան ուղղված է երկրի, կառավարության ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ:

«Այս կեղտոտ խաղը, որի մեջ ներառել են իմ գործընկերներին և իմ որդուն, խափանելու և իրականության բացահայտմանը նպաստելու համար Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարվում եմ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանության կողմից հակակոռուպցիոն խոշոր օպերացիա էր իրականացվել, որի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում էին եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Հուսեյին Չելիքը հայտնել էր, որ Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ կարող են տեղի ունենալ շաբաթվա վերջում:

Placeholder
Թուրքիայի կառավարությունից 2 նախարար հրաժարական է տվել