Զ. Գարախանլին Ադրբեջանի «ոսկեդարի» մասին` միլիոնավոր միգրանտներ, գործազրկություն,  բողոքի ակցիաներ, աղքատություն, պարտություն
Քաղաքական
13:11 28/12/2013

Զ. Գարախանլին Ադրբեջանի «ոսկեդարի» մասին` միլիոնավոր միգրանտներ, գործազրկություն, բողոքի ակցիաներ, աղքատություն, պարտություն

«Ինչպես կարելի է ներկայիս ժամանակահատվածը անվանել Ադրբեջանի «ոսկե դարաշրջան», երբ Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիներ գումար հայթայթելու, աշխատանք գտնելու և լավ կյանքով ապրելու համար ստիպված են դեգերել տարբեր երկրներում»,- գրում է Զիյադ Գարախանլին` մեկնաբանելով Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովի այն հայտարարությունը, որ ներկայիս ժամանակաշրջանը ադրբեջանական ժողովրդի «ոսկե դարաշրջանն է»:

«Մինվալ.ազ» ադրբեջանական պորտալում տպագրված հոդվածում հեղինակը հարց է տալիս, թե ինչպե՞ս են Գուբա և Իսմայիլի քաղաքների սոցիալական անկարգությունները ու դժգոհ քաղաքացիների բազմամարդ բողոքները համադրվում Ալի Ահմադովի «ոսկե» համոզմունքի հետ: Ինչու՞ է Ադրբեջանի «ոսկե դարաշրջանում» գների աննախադեպ աճ գրանցվում, կյանքը` թանկանում, և Ադրբեջանի բնակչության մեծ մասն էլ ներկայիս ծանր պայմաններում դժվարությամբ լուծում իր գոյատևման խնդիրները:

«Եթե Ադրբեջանը «ոսկե դարաշրջան» է ապրում, ապա ի՞նչ կարիք կա ձերբակալել, խարազանել և դատապարտել լրագրողներին, քաղաքական գործիչներին, երիտասարդ ակտիվիստներին, կրոնական և հասարակական գործիչներին այլախոհության համար: Ինչու՞ կարեկցանք չի դրսևորվում անարդարորեն դատապարտվածների հանդեպ: Չէ՞ որ հենց մեծահոգությունն է հզոր իշխանության գրավականը: «Ոսկեդար» ապրող երկրում որտեղի՞ց այսքան մուրացկաններ, աղքատներ, անօթևաններ, գործազուրկներ, հարբեցողներ, թմրամոլներ, մարմնավաճառներ, հանցագործներ և այլոք: Որտեղի՞ց այսքան սուր սոցիալական բևեռացում»,-ասվում է նյութում:

Հոդվածում նշվում է, որ Իսպանիայիում, Անգլիայում և այլ երկրներում «ոսկե դարաշրջան» ընդունված է անվանել բարգավաճման և ռազմական հաղթանակների ժամանակաշրջանը, իսկ Ադրբեջանը պարտվել է պատերազմում: «Բոլոր երկրների օրինակները ցույց են տալիս, որ իրենք «ոսկե դարաշրջան» անվանում են հաղթանակների և հողային նվաճումների, այլ ոչ թե կորուստների և պարտությունների ժամանակաշրջանը»,- ասվում է հոդվածում:

Հեղինակը հետաքրքրվում է, արդյո՞ք կարելի է Ադրբեջանի կյանքում «ոսկե դարաշրջան» անվանել ներկայիս ժամանակահատվածը, որն աչքի ընկնում է երկրում գիտության, մշակույթի, կրթության և հասարակական բարոյականության անկմամբ: Սա ի՞նչ «ոսկե դարաշրջան» է, երբ բյուրոկրատական կամայականություններից հուսախաբ եղած մարդիկ` ղարաբաղյան պատերազմի վետերանները, իրենց հրապարակավ այրում են:

«Պարոն Ալի Ահմեդովի համար, թերևս, սրանք կարևոր հարցեր չեն: Նրա և բազմաթիվ նրա նմանների համար, երևի թե սա իրոք «ոսկե դարաշրջան» է: Չէ՞ որ նրանք չունեն այն բոլոր խնդիրները, որոնցով ապրում է հասարակությունը: Այնպես որ, երևի նա ինչ-որ տեղ ճիշտ է: Սա ադրբեջանական նոմեկլատուրայի «ոսկե դարաշրջանն» է», -գրում է հեղինակը:

«Թե սև ոսկին, թե Մենդելեևի աղյուսակի ոսկին այնպես է պտտել մեր իշխանության ներկայացուցիչների գլուխները , որ որոշել են «իրենց «ոսկե ճակատագիրը» փաթաթել ամբողջ ադրբեջանական բնակչության վզին: Ուղղակի ծիծաղելի է», - գրում է հեղինակը:

Ինչպես նշվում է հոդվածում, Ալի Ահմեդովը իր հայտնագործությամբ շտապել է երջանկացնել Ադրբեջանի ժողովրդին իշխող կուսակցության «Ադրբեջան 2013-2018: Նոր նպատակների ճանապարհին» կոչվող համաժողովի ժամանակ:

«Հաշվի առնելով Ալի Ահմեդովի շրջադարձային հայտարարությունը` համաժողովի անվանումը շփոթություն է առաջացնում: Եթե Ադրբեջանը արդեն հասել է իր «ոսկե դարաշրջանին», ապա հետագա 5 տարիների ընթացքում ինչ նոր նպատակների մասին կարող է լինել խոսքը: Չլինի՞ ուզում են հասնել «ադամանդե դարաշրջանին»,- ամփոփում է հեղինակը:

Placeholder
Զ. Գարախանլին Ադրբեջանի «ոսկեդարի» մասին` միլիոնավոր միգրանտներ, գործազրկություն, բողոքի ակցիաներ, աղքատություն, պարտություն